211652_close_icon
views-count1186 դիտում article-date 18:53 19-12-2019

ԵՊԼՀ-ն և Ոստիկանության կրթահամալիրը 4 տարով հավատարմագրվել են

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) և Ոստիկանության կրթահամալիրը ստացել են ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում երկու ուսումնական հաստատությունների հավատարմագրման հարցն էր։ ԵՊԼՀ-ում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Մարգարիտա Պողոսյանը հանձնաժողովին ներկայացրեց բուհի ուժեղ և թույլ կողմերը, նախորդ հավատարմագրման ժամանակ հաստատված բարելավման պլանի իրագործման արդյունքները։ Պողոսյանը նշեց, որ բուհը հիմնականում իրագործել է առաջին հավատարմագրման ժամանակ կազմված թերությունների վերացման ծրագիրը, բուհում նախկինում արձանագրված խնդիրները մեծամասմանբ լուծվել են։ Այնուամենայնիվ, ըստ փորձագետի, բուհը դեռևս անելիքներ ունի, հատկապես հետազոտության և ռեսուրսների տիրույթում։ Ոստիկանության կրթահամալիրում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գագիկ Քթրյանն էլ ներկայացրեց այս ուսումնական հաստատության ուժեղ և թույլ կողմերը, կրթահամալիրի կազմած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը։ Բուհի ներկայացուցիչները շեշտեցին, որ կարևորում են փորձագետների մատուցած յուրաքանչյուր խորհրդատվությունը և պատրաստակամ են քայլեր ձեռնարկելու դրանց իրագործման և ուսումնական հաստատության հետագա բարելավման ուղղությամբ։ Դռնփակ քննարկման և քվեարկության արդյունքում Հավատարմագրման հանձնաժողովը երկու ուսումնական հաստատություններին էլ շնորհեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Նշենք, որ սա ԵՊԼՀ-ի 2-րդ հավատարմագրումն էր․ բուհն առաջին անգամ 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացել էր 2015-ին։

Նմանատիպ նյութեր