211652_close_icon
views-count4361 դիտում article-date 15:04 19-12-2019

ՀԴՄ չտրամադրելու համար տուգանքը նվազեցնելն անընդունելի է. «Իմ քայլի» առաջարկը մերժվեց

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորների օրենսդրական առաջարկը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և մեղմել ՀԴՄ կտրոններ չտրամադրելու հե կապված խախտումների համար նախատեսված տուգանքների չափը: «Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այդպիսի փոփոխություններից, քանի որ իրենք կողմ են միասնական մոտեցմանը, սակայն բարձրացման ուղղությամբ»,-ասաց նա: Այսպիսով` կառավարությունը մերժեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Բաբկեն Թունյանի, Գևորգ Պապոյանի և Արտակ Մանուկյանի առաջարկը: Վարչապետը պարզաբանեց, որ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար տուգանքի երկու մակարդակ կա՝ մեկ անգամ չտրամադրելու դեպքում հանրային սննդի ոլորտում՝ 600 հազար դրամ, մյուս ոլորտներում՝ 150 հազար տուգանք, և կա առաջարկ՝ հավասարեցնել և հանրային սննդի համար էլ դարձնել 150 հազար դրամ: «Մենք ասում ենք, որ համաձայն ենք, որ հավասար սկզբունքներ լինեն, սակայն իջեցնելը մեր քաղաքական ուղերձներին հակասում է, քանի որ մենք ասում ենք՝ քառակի անգամ ուժեղանալու է 2020 թվականից ՀԴՄ չտրամադրելու դեմ պայքարը»,- ասաց նա և նշեց, որ եթե բոլորի համար 600 չի դառնալու, ավելի լավ է՝ թողնենք ինչպես կա, սակայն իջեցումը անընդունելի է: «Բարձրացումն ընդունելի է, սակայն եթե կոնսենսուս չկա, ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե որոշ մարդիկ ընդամենը «հացի փող» են աշխատում, և ինչու է 150 հազարով տուգանվում ՀԴՄ չտալու համար, վարչապետը նշեց, որ հենց այդ «հացի փող» աշխատող սեգմենտի համար սահմանել են 24 միլիոն դրամ շրջանառություն: «Եթե ՀԴՄ չեն խփում, դա նշանակում է, որ իրենք իրականում հացի փող առնող չեն, պարզապես ուզում են օրենսդրական այս հնարավորությունից օգտվել, և դա պարզապես գողություն է ՀՀ պետությունից, ժողովրդից, և սա պետք է կասեցվի: Այս պարագայում արդար քրտինքով աշխատող ոչ մի մարդ չի տուժի, եթե օրենքով աշխատի»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր