1392 դիտում
11:35 19-12-2019
Հայաստանի բանկային համակարգի շուրջ աճող ռիսկերի մասին խոսակցությունները թեժանում են. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հայաստանի բանկային համակարգի շուրջ աճող ռիսկերի մասին վերջին շրջանում խոսակցությունները թեժանում են։
Կուլիսային խոսակցություններին ավելացել են ԿԲ որոշակի մտահոգությունները։ Խնդիրը, սակայն, իշխանությունների կողմից չի ձևակերպվել որպես ռեալ նոր մարտահրավեր, որը գրագետ ու արագ լուծումներ է պահանջում։
Թե ինչ է նշանակում բանկային համակարգի կայունության վտանգում, կարծում ենք՝ կարիք չկա ներկայացնել։ Այդ փուլը մեր պետությունը ծանր աշխատանքի գնով հաղթահարեց 2000-ականներից, և արդեն 20 տարի է՝ համակարգում ապահովվում է կայունություն և վստահելիություն։ Բանկային համակարգի անկայունությունը կլիներ պատերազմից հետո ամենաքայքայիչ վտանգը, որ կարող է սպառնալ մեր պետությանը։
Կայունությունը վտանգող գործոնները.
1. Բանկային գաղտնիքի թուլացմանն ուղղված օրենք
2. Կապիտալի արտահոսք
3. Սպառողական վարկերի ծավալի անվերահսկելի աճ
4. Դատական վճիռներ՝ ի վնաս բանկային համակարգի
Այս կետերից յուրաքանչյուրը կարիք ունի առանձին վերլուծության, որովհետև դրանք ինքնուրույն ռիսկեր են, որոնք սակայն կարող են բերել ընդհանուր, համակարգային ճգնաժամի։
Հայաստանի նոր իշխանությունների կողմից կարևորվող՝ բանկային գաղտնիքի թուլացմանն ուղղված օրինագիծը մատուցվում է նախորդների դեմ պայքարի համատեքստում։ Իրականում շատ քիչ է կապը այդ երկու խնդիրների միջև, և արմատները լրիվ այլ տեղ են։ Դժվար է հասկանալ Հայաստանի իշխանությունները հասկանո՞ւմ են արդյոք բոլոր ռիսկերը։
Ըստ որոշ կանխատեսումների՝ այդ օրենքը ուժի մեջ մտնելու պարագայում Հայաստանի բանկային համակարգից մոտ 1 մլրդ դոլարի արտահոսք է սպասվում։ Սա կբերի կոլապսի։
Հայաստանի նման երկրները, որոնք երկար տարիներ պահպանում են բանկային համակարգի կայունությունը, ունեն բանկային գաղտնիքի պահպանման խիստ օրենսդրություն, դառնում են վստահելի և գրավիչ՝ տարբեր պետությունների կապիտալների համար, առաջին հերթին՝ հետխորհրդային տարածքից։ Դրան հասնելու համար հսկայական ջանք ու գրագետ աշխատանք է պահանջվում։ Երկիր է մուտք գործում օտար, երկարաժամկետ կապիտալ։ Բանկային գաղտնիքի թուլացման պարագայում այդ հարյուր միլիոնավոր դոլարները գնալու են այլ երկրներ, գնալու են այլ տնտեսություններ, այդ թվում, ինչու չէ, Ադրբեջան։ Մենք սա հասկանո՞ւմ ենք, սա հասկանալո՞վ, թե՞ առանց հասկանալու ենք անում։
Երկրից կապիտալի արտահոսքի ծավալներն այսօր արդեն ռիսկային են։ Սա հիմնականում պայմանավորված է երկրում ներդրումային միջավայրի սրընթաց վատացման հետ, անցումային արդարադատության, առանց դատավճիռների գույքի բռնագանձման և այլ սպասվող օրենքների ընդունմամբ։ Դա պայմանավորված է բիզնեսում ուժայինների աննախադեպ ակտիվությամբ։ Օրինակ՝ օգոստոսին ֆիզիկական անձանց միջոցով ՀՀ բանկերից փոխանցումներն արտերկիր կազմել են 159 մլն դոլար։ 2004 թվականից ի վեր նման ցուցանիշ չէր եղել։
Համեմատության համար. 2018 թ. օգոստոսին բանկերով Հայաստանից արտերկիր է փոխանցվել ընդամենը 96 մլն դոլար։
Բանկային կայունությունը վտանգող մյուս գործոնը հեղափոխությունից հետո սպառողական վարկերի կտրուկ աճն է։ Հայաստանում 2019-ին բանկերը տրամադրել են աննախադեպ ծավալի սպառողական և հիփոթեքային վարկեր։ Վարկերի ծավալն աճել է 40 տոկոսով։ Սա մոտ է կարմիր գծին, քանի որ բնակչության եկամուտներն այդ ընթացքում էականորեն չեն աճել։ Երկրի քաղաքական իշխանությունները, չհասկանալով իրավիճակը, այս փաստը որպես ձեռքբերում են ներկայացնում։ Փոխարենը՝ սկսել է անհանգստանալ Կենտրոնական բանկը, քանի որ այնտեղ հասկանում են, թե ինչի կարող է հանգեցնել այս վիճակը։ Բնակչությունը, որի իրական եկամուտները չեն աճել, կարող է մտնել զանգվածային անվճարունակության փոսը՝ իր հետևից տանելով ողջ բանկային համակարգը։ Առանձին վերլուծություններ ցույց են տալիս, որ սպառողական վարկերի մի զգալի մասը գնում է ուղղակի ընտանիքների օրվա հացն ապահովելուն։ Հասկանալի է, որ սա անվերջ չի կարող ձգվել։ Կա վարկած, որ վարկային գումարների մի զգալի մասը գնում է տարատեսակ տոտալիզատորներում պարտքերի փակմանը։ Ի դեպ, հեղափոխությունից հետո իշխանական ֆեյքերի արտադրամասեր դարձած տոտալիզատորները վերջին մեկուկես տարում աճի բուռն ցուցանիշներ են ապահովում։ Սրանք բյուջեի եկամուտների այն տոքսիկ աղբյուրներից են, որոնց մասին հրապարակայնորեն ահազանգում են երկրի առաջատար տնտեսագետները։
Եվ, վերջապես, բանկային համակարգի կայունությունը վտանգող սուր խնդիրներից է բանկերի նկատմամբ խոշոր դատական վճիռների կայացումը։ Մասնավորապես՝ սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի («Արզնի» հանքային ջրերի գործարան) սնանկության կառավարիչն ընդդեմ Անելիք Բանկի՝ մոտ 22 մլն դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջի գործով դատարանի վճիռը՝ բավարարել սնանկ ընկերության պահանջը և բանկից գանձել նշված գումարը։ Այս գումարը բանկի կանոնադրական կապիտալի շուրջ 35 տոկոսն է կազմում։ Հիշեցնենք, որ Անելիք բանկն այժմ կոչվում է ID Bank։
Հետաքրքիր են ID bank-ի խոշոր սեփականատեր Վարդան Դիլանյանի գնահատականներն այս թեմայի վերաբերյալ։ Նա զուտ բանկի հետ կատարվածը գնահատում է որպես բանկի «ռեյդերային» խլման փորձ, բայց շատ ավելի հեռուն գնացող մտահոգություններ է հայտնում Հայաստանում ներդրումային միջավայրի վատացման և օտարերկրյա ներդրողների անպաշտպանության մասին, ինչն ուղղակի կհանգեցնի Հայաստանում ներդրումների բացակայության։
Եթե դատարանը պարտադրի ID Bank-ին՝ վճարել այդ գումարը, եթե այլ դատարաններ նույնն անեն մյուս բանկերին, եթե տասնամյակներով խճճված ֆինանսական պատմություններով գործարարները հերթով դիմեն դատարաններ ու ստանան իրենց բավարարող վճիռները, ապա Հայաստանում բանկային համակարգն ուղղակի կփլուզվի։
Ամփոփում
Կա չորս իրական գործոն, որոնցից յուրաքանչյուրն առանձին լուրջ խնդիր է բանկային համակարգի համար։ Եթե այդ գործոններն առկա են միաժամանակ, ապա իրավիճակը նվազագույնը 4 անգամ բարդանում է։ Բանկիրները պահպանողական մարդիկ են, նրանք չեն սիրում հրապարակայնություն և երկար ժամանակ լռելու են։ ԿԲ-ն կխոսի այնքանով, որքանով իր ասածները չեն նյարդայնացնի քաղաքական իշխանություններին։ Իսկ քաղաքական իշխանութունների պահով հարցը մնում է բաց՝ գիտակցո՞ւմ են ռիսկերը, իրենց քայլերի վտանգավորությունը, թե՞ անում են առանց գիտակցելու։
[b]«Այլընտրանքային նախագծեր խումբ»[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված