211652_close_icon
views-count1429 դիտում article-date 15:24 14-12-2019

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում կազմակերպվել է «Ինդուստրիայի օր» խորագիրը կրող միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն այսօր կազմակերպել էր «Ինդուստրիայի օր» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ և իրենց մագիստրոսական ծրագրի համար գտնելու համագործակցության ուղիներ։ Այսօրինակ միջոցառումներն ուսանողների և ՏՏ ոլորտի ընկերությունների միջև համագործակցության նոր հեռանկարներ են ստեղծում: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը,Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր։ «Ինդուստրիայի օր» խորագրով միջոցառմանը,բացի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից ու ուսանողներից,մասնակցումէին«Ucom», «GG», «Krisp», «10Web», «OMD», «SFL», «Disqo», «SmartClick», «Mentor Graphics», «SuperAnnotate», «Arloopa», «X-Tech», «RAFA Solutions», «FimeTech», «Chessify», «ClinSoft», «PicsArt»ընկերությունների և«Tumo»ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ու «FAST» հիմնադրամիանդամներ: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից։ Սկզբում ֆակուլտետի դեկանը, ԵՊՀ պրոռեկտորն ու միջոցառման համակազմակերպիչ Կարեն Քեռյանը հանդես եկան ողջույնի խոսքերով, իսկ միջոցառման մասնակից ընկերությունները ներկայացրին մեքենայական ուսուցման վերաբերյալ հնարավոր նախագծերը, որոնք հիմնականում նպատակաուղղված են «ASDS» մագիստրոսական թեզերի թեմաների ընտրությանը։ Ա․ Սահակյանը, ներկաներին ողջունելով, ասաց, որ ուրախ է «Ինդուստրիայի օր» միջոցառման բացումը ազդարարելու համար։ «Այս տարի մեր ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 60-ամյակը, և հիմա կարող ենք արձանագրել, որ ֆակուլտետը մեծ հաջողություն ունի։ Ինչպես ֆակուլտետի, այնպես էլ համալսարանի հիմնական հաջողությունը իր տված շրջանավարտներն են»,-նշեց նա։ Դեկանը նշեց, որ ֆակուլտետի ուսանողների և ինդուստրիայի ներկայացուցիչների այս հանդիպումը առաջինն է իր տեսակով, սակայն ինքը հուսով է, որ այն կդառնա պարբերական։ Ռ․ Բարխուդարյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ կրթական ծրագրերը պետք է մոտ լինեն ինդուստրիային։ «Որևէ ոլորտում խորացված ուսուցումը, իհարկե, ինդուստրիայի ներկայացուցչի համար լավ է, սակայն խորը գիտելիք ունենալ միայն մի ուղղությամբ ու հարակից օժանդակ հմտությունները մղել երկրորդ պլան նույնպես պետք չէ»,- ասաց նա՝ նկատի ունենալով համալսարանի կրթական ծրագրերի բազմակողմանի լինելը։ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանն էլ ասաց, որ միջոցառումը լավ առիթ է ծրագրի ուսանողների համար ընտրելու թեզի թեմա կամ փորձաշրջան անցնելու որևէ կազմակերպությունում։ «Շատ ուրախ եմ, որ ընկերությունները համագործակցում են մեզ հետ և նոր հնարավորություններ են բացում ուսանողների համար»,-նշեց միջոցառման համակազմակերպիչը` պատմելով նաև իր ղեկավարած մագիստրոսական ծրագրի դասախոսների մասին։ Այնուհետև ֆակուլտետի նախասրահում միջոցառման մասնակիցներն առանձին տաղավարներով ներկայացրին իրենց ընկերությունները, հետաքրքրության ոլորտները, ծանոթացան միմյանց հետ և քննարկեցին հետագա համագործակցության ուղիները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր