211652_close_icon
views-count1755 դիտում article-date 20:51 13-12-2019

Կայացել է «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ․ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 13-ին Երևանում կայացել է «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ» օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ։ Աշխատաժողովին մասնակցել են պետական կառույցների, ֆինանսական հաստատությունների, բանկերի, սթարտափ ընկերությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի փորձագետներ։ Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին՝ անցյալ շաբաթների ընթացքում Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց կողմից ներկայացված նկատառումների համար։ Նա կարևորել է նաև Կենտրոնական բանկի կատարած աշխատանքը՝ նշելով, որ այն հիմք է հետագայում ավելի լայն համատեքստում շարունակելու աշխատանքը՝ ներառելով նաև կապիտալի շուկայի բաղադրիչներին առնչվող այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են արժեթղթերի և բորսայի աշխատանքին, իսկ նորարարական և այլընտրանքային ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում միջոցներ ներգրավել ավելի էժան ենթակառուցվածքների միջոցով։ «Անհրաժեշտ է բացահայտել, թե ինչպես փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում, օգտագործելով արդի հնարավորությունները, ունենա ավելի հասանելի ֆինանսական միջոցներ»,- նշել է Տիգրան Խաչատրյաննը՝ հավելելով հետևյալը․ «Ես խորապես հավատացած եմ, որ Հայաստանում հիմա, ինչպես երբևէ, վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրվող միտումների և կառավարության կողմից որդեգրած քաղաքականության արդյունքում, կան արժեթղթերի շուկան և բորսան զարգացնելու իրական նախադրյալներ»։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են բաժնեմասային ֆինանսավորման և կապիտալի շուկային առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կորպորատիվ կառավարում, քրաուդֆանդինգ, արժութային և այլ կարգավորումներ, բիզնես հրեշտակներ, թափանցիկություն, այս գործընթացներում սփյուռքի կապիտալի հնարավոր ներգրավում և այլն։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշել է, որ քննարկումները նախաձեռնվել են ոլորտում առկա խնդիրները բացահայտելու և դրանց համատեղ լուծումներ գտնելու նպատակով։ Աշխատաժողովի ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերը շարունակել են աշխատանքը թեմատիկ խմբային քննարկումներով։ Աշխատաժողովի արդյունքում նախատեսվում է առանձնացված առաջնահերթ խնդիրների շուրջ արձանագրված տեսակետները ներառել ձևավորվելիք ճանապարհային քարտեզում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր