211652_close_icon
views-count2333 դիտում article-date 22:20 12-12-2019

2020 թվականից շուրջ 3300 երեխա կստանա ներառական ծառայություններ․ Ժաննա Անդրեասյան

«2020 թվականից էապես կընդլայնվեն ցերեկային համայնքային ծառայությունները, մասնավորապես՝ նախատեսել ենք, որ շուրջ 3300 երեխա մարզերում և Երևանում ստանա ներառական ծառայություններ։ Խոսքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մասին է»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված քաղաքականության և ծրագրերի գնահատման վերաբերյալ քննարկման ժամանակ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական իրավունքի և պաշտպանվածության ապահովումը, կրթական իրավունքի լիարժեք իրացումը և սրա շրջանակում նաև միջգերատեսչական համագործակցությունը։ Այս տեսանկյունից էական է համարվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ազգային քաղաքականության և ծրագրերի գնահատում իրականացնելու առաջարկը։ «Կլինեն առանձնահատուկ բաղադրիչներ, որոնք կօգնեն էլ ավելի թիրախային դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծառայությունները, ինչպես օրինակ՝ սոցիալական օգնականի մոդելը և շարժական ծառայությունները։ Սրանք նաև մեզ թույլ կտան հասկանալ, թե որն է հաշմանդամություն ունեցող երեխաների իրական թիվը, որովհետև երբ ծառայությունների ծածկույթը ընդլայնվի, ի հայտ կգան նաև այն երեխաները, որոնք հաշվառված չեն»,- պարզաբանել է նախարարի տեղակալը։ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) երեխայի իրավունքների, մոնիթորինգի և գնահատման մասնագետ Աստղիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ազգային քաղաքականության և ծրագրերի գնահատման տեխնիկական առաջադրանքը։ Ըստ այդմ, իրականացվելիք գնահատումը կպարզի, թե ինչ հաջողությամբ են իրագործվում հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծրագրերը և ինչ արդյունքներ են արձանագրել, որքանով են դրանք հիմնված կարիքների վրա և ինչ ազդեցություն ունեն ընտանիքների, խնամակալների ու հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական միջավայրի վրա։

Նմանատիպ նյութեր