211652_close_icon
views-count1723 դիտում article-date 19:18 12-12-2019

Արցախի ԱԺ հերթական նիստում քննարկվել է գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 12-ին, համաձայն «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումների համար սահմանված ժամկետացանկի, գումարվել է Ազգային ժողովի հերթական նիստը: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ամփոփել է բյուջեի շուրջ խմբակցություններում և հանձնաժողովներում ծավալված նախնական քննարկումների արդյունքները և ներկայացրել խորհրդարանի հերթական նիստում նախագծի քննարկման՝ կանոնակարգով սահմանված ընթացակարգը: Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, խորհրդարանն անցել է «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Ներկայացնելով նախագիծը՝ Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը անդրադարձել է ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին և առաձնացրել գալիք տարում պլանավորված ոլորտային ծախսերը: Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին, ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ 110 առաջարկություն՝ գրեթե 99 մլրդ դրամ գումարային ծավալով: Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները Ֆինանսների նախարարին առաջադրել են բյուջեի հավելուրդի, նախագծի վերաբերյալ ներկայացված առաջին փուլ առաջարկությունների արդյունքով ընդունված ծրագրային փոփոխությունների, նախորդ տարիներին կուտակած վարկային պարտավորությունների դիմաց տոկոսավճարների և այլ թեմաների վերաբերյալ հարցեր: Հարակից զեկույցներ են ներկայացրել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Հարությունյանը՝ դրական եզրակացությամբ ամփոփելով նախագծի հանձնաժողովային քննարկումների արդյունքները: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը, Գագիկ Բաղունցը և Էդուարդ Աղաբեկյանը: Անդրադառնալով ելույթներում պատգամավորների հնչեցրած հարցադրումներին՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը եզրափակիչ ելույթում ներկայացրել է բյուջեի սեփական եկամուտների ձևավորման գործընթացը և առողջապահական մի քանի ծրագրերից օգտվելու՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների հնարավորությունների շուրջ առկա պայմանավորվածությունները: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ստանալու նպատակով: Ըստ հաստատված ժամկետացանկի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն դեկտեմբերի 19-ին:

Նմանատիպ նյութեր