211652_close_icon
views-count1066 դիտում article-date 17:47 12-12-2019

Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները

Հերթական այցով դեկտեմբերի 9-ից 12-ը Երևանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2019թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը, մասնակցությունը 2020թ. համագործակցության ծրագրի վերաբերյալ նախնական քննարկումներին և ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 4-րդ կուրսի կուրսանտների համար նախատեսված «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին: Խորհրդատվական խմբի հետ աշխատանքներին ներգրավված էին ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական, Վ.Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ: ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է զեկույցներ ռազմակրթական ոլորտում և ռազմաուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումների վերաբերյալ: Դեկտեմբերի 10-ից 12-ը կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Ներկայացվել են ՌՈւՀ-երի ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, խորհրդատվական խմբի օգնությամբ իրականացվող առանձին նախագծերի վերաբերյալ բրիֆինգներ: Խորհրդատվական խումբը ճանաչողական այցով եղել է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացել կրթօջախի գործունեության հիմնական ուղղություններին: Այցի արդյունքներն ամփոփվել են դեկտեմբերի 12-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ հանդիպման ընթացքում: Քննարկվել են նաև ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգային հարցեր, նախանշվել հետագա համագործակցության ուղիները:

Նմանատիպ նյութեր