211652_close_icon
views-count1365 դիտում article-date 12:18 12-12-2019

ՀՔԱՎ։ Թեկնածուների գնահատմամբ ընտրությունների ընթացքը՝ «նորմալ», «մրցակցային» և «հանգիստ»․ դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման հիմնական արդյունքները

«Նորմալ», «մրցակցային» և «հանգիստ»․ այսպես են գնահատել թեկնածուները 2019 թվականի դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքը։ «Անկախ դիտորդ» դաշինքը ՏԻՄ ընտրությունների ավելի ամբողջական պատկերն ստանալու նպատակով, բացի կարճաժամկետ դիտարկումից, 2019 թ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 11-ը իրականացրել է նաև երկարաժամկետ դիտարկում։ Դիտարկումն իրականացվել է բոլոր 16 համայնքներում՝ համայնքներ այցելելու, Տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկություններ ստանալու և թեկնածուների հետ հարցազրույցներ անցկացնելու միջոցով։ Դաշինքը փորձել է հարցազրույցներ անցկացնել բոլոր, այդ թվում` ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների հետ, սակայն թեկնածուներից 4-ը հրաժարվել կամ խուսափել են հարցազրույցից: Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից մեկը նշել է, որ ինքնաբացարկ է ներկայացրել, որովհետև նախընտրում է զբաղվել անասնապահությամբ, մյուսը՝ քանի որ ընտանիքն է դեմ եղել։ Իսկ քարոզչության ընթացքում իրեն աջակցող/քարոզչություն իրականացնող անձի համար վարձատրություն նախատեսել է թեկնածուներից միայն մեկը։ Թեկնածուների մեծամասնության կարծիքով քարոզչության շրջանում ապատեղեկատվության, զրպարտանքի, սպառնալիքի, ատելության խոսքի, ընտրակաշառքի կամ պարտքերի ներման դեպքեր չեն եղել։ Մեկ թեկնածու բարձրաձայնել է մեկ այլ թեկնածուի նկատմամբ ատելության խոսքի դրսևորման մասին։ Համայնքներից մեկում թեկնածուները մեղադրել են միմյանց․ մի կողմից՝ գյուղի խանութում ընտրողների պարտքերը ներելու ձևով անուղղակի ընտրակաշառք տրամադրելու և մյուս կողմից՝ զրպարտության մեջ։ Հետաքրքրական է թեկնածուների գնահատականը՝ նախորդ ընտրությունների վերաբերյալ. այսպես՝ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ հանդիսացող որևէ թեկնածու չի համարել, որ նախորդ ընտրությունների հետ կապված որևէ էական խնդիր է եղել։ Քարոզարշավի դիտարկումը ցույց է տալիս, որ ՏԻՄ մակարդակում ընտրական գործընթացների հիմնական 3 խնդիրները շարունակում են մնալ. փոքր, ունեզուրկ համայնքների ղեկավարի պաշտոնի՝ ոչ գրավիչ լինելը, ինչի պատճառով շատերը նախընտրում են չներգրավվել ընտրական գործընթացներում՝ ընտրությունները իմաստազրկելով և դարձնելով ոչ մրցակցային, ազգակցական կապերի վրա հիմնվող քարոզչությունը և փոքր համայնքներում արդյունքների կանխորոշված լինելը, ոչ ֆորմալ տնտեսական լծակների շնորհիվ ընտրողների քվեների ապահովման վտանգը, քողարկված ընտրակաշառքը, որը դուրս է մնում կարգավորումներից։ Երկարաժամկետ դիտարկման այլ մանրամասներ՝ [url=https://drive.google.com/file/d/1aq3-JGGd2DC1NlXIoFR9be5LcG9DmAEI/view]ԱՅՍՏԵՂ[/url]

Նմանատիպ նյութեր