211652_close_icon
views-count1817 դիտում article-date 11:12 12-12-2019

ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առևտրային կամ այլ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն ուրիշ անձանց օգտին օգտագործելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչը, Բելգիայում բնակվող իր եղբոր խնդրանքով, վերջինիս կողմից հիշյալ երկրի քաղաքացիություն ստանալու և առողջական խնդիրների բուժման գործընթացը երկարաձգելու նպատակով, խոստացել է ՀՀ պատկան մարմիններից ձեռք բերել և տրամադրել առողջության և Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Այս նպատակով` նախնական համաձայնության է եկել Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքի նախագահի հետ և անձամբ ԵԿՄ զինանշանով ձևաթղթի վրա տպագրել է եղբոր կողմից Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, որը ստորագրվել և հաստատվել է ԵԿՄ կնիքով: Նույն ժամանակահատվածում դիմել է նաև ՀՀ-ում գործող առողջության կենտրոններից մեկի ղեկավարին և ստացել եղբոր առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկանք: Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր