211652_close_icon
views-count8875 դիտում article-date 21:05 11-12-2019

«Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ հատվածում հնարավոր կլինի վարել 100 կմ/ժամ արագությամբ

Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային ուղղությամբ տարվող աշխատանքները։ Մասնավորապես‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են նախագծային աշխատանքները: Այս հատվածի մանրամասն նախագծման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել էր միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա)» ընկերությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագծող կազմակերպության կողմից իրականացվել են որոշ հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա նախապատրաստվել են ճանապարհահատվածի ծրագծի օպտիմալացման տարբերակները: Դա հնարավորություն կտա նախապատրաստել տեխնիկապես հիմնավորված նախագիծ և հետագայում կառուցել այն ճանապարհահատվածը, որն իր տեխնիկական չափանիշներով կհամապատասխանի եվրոպական ժամանակակից ստանդարտներին: Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականի վերջը, որից հետո կանցկացվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը‚ և կմեկնարկի շինարարությունը: Նշենք, որ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։ Այստեղ նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված։

Նմանատիպ նյութեր