211652_close_icon
views-count1115 դիտում article-date 20:52 11-12-2019

Արդարադատության փոխնախարարը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ՄԻՊ ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարա­րության գենդերային և հակամարտությունների հարցերով թիմի ղեկավար, նախա­րարության կանանց խաղաղության և անվտանգության (ԿԽԱ), զինված հակամար­տություններում երեխաների իրավունքների և սեռական շահագործման հարցերով ներկայացուցիչ Ֆեյ Մինշալի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը, ողջունելով հյուրերին, ընդհանրական գծերով ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Կառավարության գործողությունները՝ այդ համատեքստում կարևորելով մշակվող ՄԻՊ ազգային ռազմավարության փաստաթուղթը, որում արտացոլված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը և տրված են թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին՝ խոշտանգումների կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և այլն: Ռազմավարության նախագծով նախատեսված միջոցառումների իրականացման փուլում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է թափանցիկության, հաշվետվողականության և իրազեկման ապահովման աշխատանքները, ինչպես նաև իրավապահ համակարգի աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների շարունակականությունը: Խոսելով համագործակցության զարգացման հեռանկարներից՝ փոխնախարարը գերազանց է գնահատել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հետ փոխգործակցության ներկայիս մակարդակը: Հանդիպման ավարտին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Նմանատիպ նյութեր