211652_close_icon
views-count6776 դիտում article-date 19:35 10-12-2019

Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չտրամադրելու ոչ մի դեպք չի ներվելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 106 մլն 609 հազ 299 ՀԴՄ կտրոնով ավելի: Սա աստղաբաշխական թիվ է, և այս ՀԴՄ կտրոններով ավելի է արձանագրվել շուրջ 303 մլրդ դրամի առեւտրաշրջանառություն: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում տվյալներ ներկայացրց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ նաև արձանագրել, որ բավականին լավ վիճակագրություն ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դինամիկայի առումով: 2019 թվականի հունվար-նոյեմբերին ավելի է դուրս գրվել 18 մլն 425 հազ 72 հաշիվ ապրանքագիր: Սրանք չափազանց լավ ցուցանիշներ են: Բայց արդյոք գո՞հ ենք՝ ոչ թե զուտ ժամանակահատվածի առումով, արդյոք գո՞հ ենք այս ցուցանիշներից, արդյոք մտածո՞ւմ ենք, որ այսօր ՀՀ-ում բոլոր առեւտրային գործարքներն արվում են ՀԴՄ կտրոնի թողարկմամբ կամ հաշիվ-ապրանքագրով: Այս հարցի պատասխանը գիտենք, որ նեգատիվ է: Այսինքն՝ ոչ: Մեր երկրում կա հսկայական ստվերային առեւտրաշրջանառություն, չնայած աճը տպավորիչ է»,- ասաց վարչապետը: Հեղափոխությունից հետո էլ ՀԴՄ կտրոն թողարկելու պահանջ էր հնչեցվում, միաժամանակ, ըստ վարչապետի, հնչում էր հակադարձում, թե մարդիկ հազիվ ծայրը-ծայրին են հասցնում եւ հացի փող են աշխատում, ինչո՞ւ եք տուգանք գրում եւ այլն: «Օրենքի առումով այդ մեկնաբանությունը տեղին չէ, բայց հաշվի առնելով ընդհանուր բուն տեքստը եւ ՀՀ-ում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը՝ այդ հարցադրումը որոշակի առումով լեգիտիմություն ուներ: Դրա համար էլ մենք այս տարի հարկային օրենսգրքում կատարեցինք փոփոխություններ, հարկային համակարգում նոր սեգմենտ ձեւավորեցինք եւ անունը դրեցինք միկրոբիզնես, որը հնարավորություն տվեց տարեկան մինչեւ 24 մլն շրջանառություն ունենալու պարագայում հարկային պարտավորություն չի առաջանում, ազատվում են հարկերից: Սա արվեց, որ ՀԴՄ կտրոն տպելու եւ հացի փող աշխատելու ինստիտուտները չհակադրվեն»: Նախկինում, երբ ՀԴՄ կտրոն էին տպում, տնտեսվարողը տպածի չափով նաեւ հարկային պարտավորություն էր ստանձնում: Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ինչքան քիչ էին տպում, այնքան, իրենց ասած, հացի փողը շատանում էր: Հարկային նոր մոտեցմամբ արդեն փոքր տնտեսվարողը, եթե ունի մինչեւ 24 մլն-ի առեւտրաշրջանառություն, ազատվում է հարկերից եւ այլեւս կտրոն տպել-չտպելու խնդիր չի ունենում: «Հիմա արդեն մենք 24 մլն-ով լուծեցինք մի խնդիր, որ հացի փող աշխատող մեր հայրենակիցները մտավախություն չունենան ՀԴՄ բաց թողնելու համար, որովհետեւ իրենք, եթե իրոք հացի փող աշխատելու մտադրության մեջ են, նրանք ՀԴՄ խփելու որեւէ սահմանափակման մտավախություն չպետք է ունենան, որովհետեւ եթե պարզվի, որ իրենց շրջանառությունը հացի փող աշխատելու շրջանառություն է, էլ հարկային պահում չեն ունենա 2020 թվականի հունվարի 1-ից: Կտրոն չտպելու պարագայում նրանք պետք է իմանան, որ վարչական լուրջ պատասխանատվություն կկրեն, եւ դա չի լինելու միայն ՀԴՄ կտրոն չտպելու համար, դա լինելու է զինվորի հացը, զինվորի փամփուշտը, զինվորի արժանապատիվ հագուստը գողանալու համար: Էս հարցում լուրջ ենք տրամադրված, ուզում եմ, որ իրավիճակի լրջությունը արձանագրենք»: 2020 թվականի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ, ըստ վարչապետի, ՀԴՄ կտրոն չտպելու լեգիտիմությունը վերանում է: Ընդ որում, մարդկանց հացի փող աշխատող լինելու հանգամանքը, ի տարբերություն նախկինի, նոր իրավիճակում հնարավոր է լինելու հաստատել միայն ՀԴՄ կտրոն տպելու միջոցով: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր