211652_close_icon
views-count4968 դիտում article-date 21:24 10-12-2019

Խորանաշատ վանքը և կարասը հայտնվել է «Եվրոպա Նոստրա» 7 ամենավտանգված հուշարձան 2020-ի նախնական ցանկում

Հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: [img]https://st0.shamshyan.com/editor/0002052001575990034535415.jpg[/img] Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020 թ. մարտին: «Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության պահպանման և խթանման ուղղությամբ գործող քաղաքացիական հասարակության ձայնն է: Այն ժառանգության պահպանման հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա է, որին աջակցում է պետական մարմինների լայն ցանցը, մասնավոր ընկերություններ և անհատներ` ընդգրկելով ավելի քան 40 երկիր: Հիմնադրվելով 1963 թվականին` այն այսօր ճանաչված է որպես Եվրոպայում ժառանգության ոլորտի ամենաներկայացուցչական ցանցը: Կազմակերպության նախագահն է հայտնի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն: 2013 թվականի հունվարին մեկնարկած «7 ամենավտանգված հուշարձան» ծրագիրը քաղաքացիական հասարակության արշավ է` միտված Եվրոպական վտանգված ժառանգության փրկությանը: Թեև այն ուղղակի ֆինանսավորում չի տրամադրում, սակայն բարձրացնում է խնդրի մասին իրազեկվածությունը, հրապարակում առկա վտանգի սեփական գնահատումը, առաջարկում գործողությունների հնարավոր ծրագրեր` հասարակական և մասնավոր աջակցությունը մոբիլիզացնելու համար: Ծրագիրը իրականացվում է Եվրոպա Նոստրայի և «Եվրոպական ներդրումների բանկ» ինստիտուտի կողմից` Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ: Եվրոպական ժառանգության 14 հուշարձաններ, որոնք նոմինացվել են «7 ամենավտանգված հուշարձան 2020»-ի համար. Ալբանիայի Ազգային Թատրոն, Տիրանա, Ալբանիա Կարաս - գինու ավանդական տարաները, Հայաստան Խորանաշատ Վանք, Տավուշի մարզ, Հայաստան Եզերի ամրոց, Հորնի Յիրետին, Չեխիա Տապիոլա լողավազան, Էսպոո, ֆինլանդիա Սամեզանո ամրոց, Տոսկանիա, Իտալիա Սիբարիսի հնագիտական պարկ, Իտալիա Իվիք տուն, Վասսենաար, Նիդերլանդներ Y-block, Կառավարական թաղամաս, Օսլո, Նորվեգիա Սոմբիերկի էլեկտրակայան, Բիտոմ, Լեհաստան Բելգրադի ամրոցը և շրջակայքը, Սերբիա Պլեչնիկ մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա Cuatro Caminos մետրոյի կայանատեղի, Մադրիդ, Իսպանիա Եգիպտական սրահներ, Գլազգո, Միացյալ Թագավորություն: Խորանաշատ վանք, Տավուշի մարզ (Հայաստան) Խորանաշատ վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության հիանալի օրինակ է, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում` Ադրբեջանի հետ սահմանին մոտ, և շրջապատված է անտառապատ լանդշաֆտով: Նախկինում այն ուշագրավ մշակութային կենտրոն էր, որտեղ և՛ վանական համալիր կար, և՛ համալսարան: Այսօր եկեղեցին շարունակում է գործել` որպես մերձակա Չինարի և Այգեձոր գյուղերի միակ պաշտամունքի վայր: Միջնադարում կառուցված բազմաթիվ շենքերից Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սուրբ Կիրակի փոքրիկ եկեղեցին կոնսերվացված են ինչպես պայմանների վատթարացման, այնպես էլ` նախկինում իրականացված ոչ պատշաճ վերականգնման աշխատանքների հետևանքով: Հուշարձանը վտանգված է թե՛ իր ֆիզիկական, թե՛ քաղաքական համատեքստում: Մինչ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող հակամարտությունը շատ լուրջ ռիսկ է ներկայացնում հուշարձանի այցելուների համար, հուշարձանի տեղակայումն է՛լ ավելի է դժվարացնում կոնսերվացման աշխատանքների իրականացումը` մեկուսացված լինելով սողանքների հակվածությամբ սեյսմիկ գոտում: Առաջադրումը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, մինչդեռ շվեյցարական Իլ Գերմոլիո կազմակերպությունն արդեն աշխատում է տեղի համայնքի հետ և պատրաստակամ է աջակցել պահպանման և կառավարման պլանին` հուշարձանային համալիրը վերակենդանացնելու համար: Կարաս – Գինու ավանդական տարաները (Հայաստան) Հայկական գինեգործության ավանդական մեթոդները կորստի լուրջ վտանգի առաջ են կանգնած: Յուրահատուկ կավե տարաները, որոնք հայտնի են որպես կարասներ, ավելի քան 6000 տարի օգտագործվել են հայկական ավանդական գինեգործության մեջ: Այս պրակտիկան, ի վերջո, լայն տարածում է գտել Միջերկրական ծովի ամբողջ տարածքում, ինչի մասին են վկայում հնագիտական պեղումների մեծածավալ արդյունքները: Յուրահատուկ ձև ունեցող կարասները, որոնք պատրաստում են վարպետ կավագործները/բրուտները, ոլորման բարդ եղանակով, կարող են պարունակել մինչև 1500լ հեղուկ: Չնայած հայկական գինեգործության մշակույթում ունեցած լայն տարածմանը, կարասների պատրաստման ավանդական մեթոդներն ու գիտելիքները այժմ կանգնած են կորստի եզրին: Առաջադրումը կատարվել է Karas Revival Heritage (Կարասների վերածնունդ/ մշակութային ժառանգության պահպանում) ծրագրի կողմից: Մի կազմակերպություն, որն իր ուշադրությունը սևեռել է կարասների պատրաստման մեթոդների վերածնունդին և գիտելիքի փոխանցմանը: Այս ավանդական արհեստի պահպանմանն ու արժևորմանն ուղղված ծրագրի շնորհիվ կանխատեսվում են տեղական համայնքի կրթության դրական արդյունքներ` առանցքում ունենալով այն կարևոր կապը, որ առկա է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության միջև:

Նմանատիպ նյութեր