211652_close_icon
views-count1219 դիտում article-date 18:07 10-12-2019

ԲԴԽ-ն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանն ընդունեցին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավ-արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդին, ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթին և Հայաստանում IRZ ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին: Խորհրդի նախագահը, ողջունելով հյուրերին, նկատեց, որ Խորհուրդն իր գործունեության ընթացքում իր սահմանադրական լիազորությունների իրականացումից զատ, առանձնակի կարևորում է միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցությունը՝ ոչ միայն լավագույն փորձի տեղայնացման, այլև Հայաստանում երազելի դատական իշխանություն կառուցելու ճանապարհին միջազգային գործընկերների աջակցության համատեքստում: Հանդիպմանը քննարկվեցին դատավորի թեկնածուների ուսուցման և գործող դատավորների վերապատրաստման գործընթացի ճիշտ կազմակերպմանը, դասընթացների թեմատիկ նորացմանը, արդարադատության կառավարման գերմանական ժամանակակից համակարգերին, դատական իշխանության բյուջետավորման և արդարադատության ինքնարժեքի հաշվարկմանը, վճարման կարգադրությունների և պարզեցված վարույթների եվրոպական ու գերմանական փորձին, վարչական գործերով հաշտարարության ինստիտուտի ներդրման և արդարադատության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառման գերմանական փորձին առնչվող հարցեր: Խորհրդի կողմից առանձնակի կարևորվեց դատավորների բարեվարքության ստուգման վերաբերյալ գերմանացի փորձագետների հետ սեմինար-հանդիպումների կազմակերպման առաջնահերթությունը: Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր խոսքում շեշտեց, որ կարիք ունեն փորձագիտական կարծիքի, որպեսզի բարեվարքության ստուգման գործընթացը լինի թափանցիկ և հասկանալի բոլոր կողմերի համար: Ֆրանկ Հուփֆելդը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին հյուրընկալության և արդյունավետ քննարկման համար, ընդգծեց իրենց պատրաստակամությունը ներկայացված թեմաների շուրջ առաջիկա համագործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նյութեր