Մաքսիմ Վենգերով. «Ուրախ եմ հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ»
                        Դեկտեմբերի 14-ին Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթով։ 
«Ես ուրախ եմ‚ որ ինձ հնարավորություն է ընձեռվել համագործակցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում։ Դեկտեմբերի 14-ին կկայանա մեր համերգը այդ հիանալի կոլեկտիվի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ։ Ուրախ եմ նաև 2019-2020թթ. համերգաշրջանում լինել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ արտիստը»‚- իր տեսաուղերձում ասում է մեծահամբավ երաժիշտը։ Նշենք‚ որ 2020թ. հունվարի 8-21-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ կմեկնեն եվրոպական համերգային շրջագայությունների։ 
Վենգերովի համոզմունքն է, որ երաժշտությունը համամարդկային շփման և փոխըմբռնման կատարյալ լեզու է: Եվ հայ երաժշտասերները դեկտեմբերի 14-ին Երևանում հնարավորություն ունեն շփվելու Վենգերովի արվեստի հետ։ 
Տեղեկացնենք‚ որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

