211652_close_icon
views-count3778 դիտում article-date 23:14 08-12-2019

Մասիս Մայիլյան. Այս ընթացքը կասեցնել հնարավոր չէ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին ժամանակներս քաղաքական որոշ շրջանակների կողմից ստահոդ լուրեր են տարածվում այն մասին, թե իբր հրաժարվել եմ հետագա ընտրապայքարից և, որ ամենազավեշտալին է, ինչ-որ գործարքի եմ գնացել։ Թեև ինձ ճանաչողները և հանրության գիտակից-տեղեկացված մասը հումորով վերաբերվեցին դրան, այնուամենայնիվ, նպատակահարմար եմ գտնում հանրության լայն շերտերի համար մեկ անգամ ևս վերահաստատել հոկտեմբերի 8-ի հայտարարությունս 2020 թվականի նախագահական ընտրություններին իմ ակտիվ մասնակցության մասին։ Շարունակելու եմ Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական գործունեությունը։ Վայրկյան անգամ չեմ կասկածում՝ բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով ապահովելու ենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կերտելու ենք մեր Նոր Արցախը։ Ու այս ընթացքը կասեցնել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ պատմության անիվը հետ շրջել։ Առավել ևս՝ ֆեյքերով ու մանիպուլյացիաներով։ Սրանց հեղինակները չեն հասկանում, որ փոխվել են ժամանակները, ու որ փոքրիշատե լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին բառի բոլոր իմաստներով ստվերից դուրս գալն է և ազնիվ ու բացճակատ մրցակցությունը։ Սրա փոխարեն որոշ շրջանակներ տխուր ավանդույթի ուժով շարունակում են խոսել ընտրությունների կանխորոշված լինելու մասին։ Ստիպված եմ հիասթափեցնել նրանց՝ չկա նման բան, և, ուզեք-չուզեք, լինելու են մրցակցային ընտրություններ։ Ու մենք ամեն ինչ անելու ենք հանուն դրա՝ խափանելով խեղաթյուրման բոլոր փորձերը։ Եվ Նոր Արցախում այսօրինակ ֆեյքային գզվռտոց ու մանիպուլյացիաներ չեն լինելու»,- գրել է Մասիս Մայիլյանը:

Նմանատիպ նյութեր