211652_close_icon
views-count738 դիտում article-date 12:24 07-12-2019

Մեկնարկել է «Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագիրը

Դեկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» ծրագրի մեկնարկի միջոցառումը։ Աղետները, ճգնաժամերը և այլ արտակարգ իրավիճակները հաճախ զգալի ազդեցություն են ունենում մարդկանց առողջության վրա՝ նաև դառնալով մահվան պատճառ։ Ծրագիրը, որն իրականացվելու է Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանում, նպատակ ունի բարձրացնելու համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունը և հետևանքները նվազեցնելու համար, ինչպես նաև բարելավելու համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները։ Ծրագրի շնորհիվ հանրապետության ամենախոցելի համայնքները կզարգացնեն առողջապահական ռիսկերը և արտակարգ իրավիճակների ու աղետների հետևանքները կառավարելու կարողությունները։ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներակայացուցիչները նույնպես նոր գիտելիքներ ձեռք կբերեն աղետների և ճգնաժամերի առողջապահական հետևանքներին արձագանքելու ոլորտում։ Դրան հասնելու համար կիրականացվեն հետևյալ գործողությունները․ • կարողությունների կառուցմանն ուղղված բազմասեկտոր համայնքակենտրոն գործողություններ, • համայնքային սանիտարահամաճարակային հսկողության համակարգեր, • աղետներին արագ արձագանքելու նպատակով արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ առողջապահական պարագաների պահուստային ֆոնդեր, • Տեղական առողջապահական մարմիններին աջակցելու նպատակով միջազգային Առողջապահական կանոնակարգերի իրականացման և միջոլորտային համակարգման մեխանիզմները բարելավելու քաղաքականության մշակում։ «Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվելու է մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) հետ համագործակցությամբ։ ——————————————————————————————————————— Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն 99 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր