4969 դիտում
21:56 06-12-2019
Խոնարհումս բոլոր նրանց, որոնք չվհատվեցին և հավատացին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը. նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում այսօր երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գյումրիին նվիրված՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հրավիրյալներ հանրապետության մարզերից:
Համերգը Գյումրիի երաժշտարվեստը ներկայացնելուց զատ նաև հարգանքի տուրք էր 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին. մինչ համերգի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը:
Գյումրիի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների կատարմամբ հնչել են դասական, գուսանական ու ժողովրդական ստեղծագործություններ:
Համերգի ավարտին նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով երկրաշարժի տարելիցի նախօրեին այս յուրահատուկ ու ինչ-որ առումով գեղեցիկ օրվա համար, ասել է. «Գեղեցիկ օր է, որովհետև մեկ անգամ ևս մեր երեխաները, նրանց ծնողները, տատիկներն ու պապիկներն ապացուցեցին, որ սերը, նվիրումը, աշխատասիրությունը, դրական վերաբերմունքը շատ ավելի հզոր են, քան անտարբերությունը, ծուլությունն ու թուլությունը: Մեկ անգամ ևս ապացուցեցին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը,-ասել է նախագահը:- Գլուխ եմ խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առաջ, որ սրանից 31 տարի առաջ իրենց կյանքն ավարտեցին Կիրովականում, Սպիտակում և Լենինականում ու նաև այն բոլոր մայրերի, հայրերի, եղբայրների և քույրերի առաջ, որոնք չվհատվեցին և հավատացին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը, և իրենց նվիրումը բերեցին իրենց զավակներին, թոռներին, որպեսզի կրկին ապացուցեն, որ Վանաձորը, Սպիտակն ու Գյումրին ընդմիշտ են»:
Հաջողություններ մաղթելով համերգի մասնակից գյումրեցի տաղանդավոր երեխաներին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանք կշարունակեն իրենց ծնողների գործը՝ պահպանելով իրենց հոգևոր ու ազգային արժեքները, մշակութային ժառանգությունը. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հպարտ գյումրեցու սիրտ ունի, և ուզում եմ այդ հպարտությունն ու սերը ձեր քաղաքի, ձեր մարզի, ձեր հավատքի, ձեր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ կրեք ձեր ողջ կյանքի ընթացքում»:
Համերգի ավարտից հետո ներկաները հնարավորություն են ունեցել դիտելու նաև նախագահական նստավայրում բացված՝ գյումրեցի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
4204 դիտում
21:55 21-09-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին
5320 դիտում
14:30 15-07-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա-համերգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
400 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան
457 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը