211652_close_icon
views-count1628 դիտում article-date 18:56 06-12-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը

Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց Հայաստանի և Գվատեմալայի Հանրապետությունների միջև գործակցային կապերի հաստատմանն ուղղված առաջին քայլերի կապակցությամբ՝ այդ համատեքստում կարևորելով Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև բարեկամության և խորհրդարանական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որը նոր հորիզոններ պիտի բացի կապերի հաստատման և փոխհարաբերությունների ընդլայնման համար: Խոսելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության, հայ ժողովրդի պատմության մեջ քրիստոնեության դերի մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ այն փորձություններին և մարտահրավերներին, որոնք դիմագրավել է հայ ժողովուրդը` պահպանելով իր ազգային ինքությունը և ուրույն դիմագիծը: Նորին Սրբությունը մասնավորապես պատվիրակության ուշադրությունը հրավիրեց Հայոց Ցեղասպանության դատապարտման կարևորությանը` մարդկային կյանքում նման ոճրագործությունների կանխարգելմանն ի նպաստ, ինչպես նաև լուսաբանություններ տվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտության վերաբերյալ: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ Գվատեմալայի իշխանությունները կարտահայտեն իրենց դիրքորոշումը հայ ժողովրդի համար կարևոր այս խնդիրների շուրջ: Պրն. Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ այցելությունը Հայաստան կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման և փոխգործակցության համար: Փոխնախագահը նաև ներկայացրեց Գվատեմալայի Հանրապետությունում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները՝ կարևորելով փորձի փոխանակումը և Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը: Ադրադառնալով պատմության ողբերգական էջերին` նա նշեց, որ չպետք է մոռանալ անցյալը, քանի որ այն կրկնվելու հատկություն ունի, ապա կարևորեց տարբեր հարցերի շուրջ այցի ընթացքում ստացված լուսաբանությունները: Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը բարի արդյունավորում մաղթեց երկու երկրների հարաբերությունների աշխուժացմանն ուղղված քայլերին:

Նմանատիպ նյութեր