211652_close_icon
views-count1869 դիտում article-date 10:37 06-12-2019

Ինչ է ուզում Ադրբեջանը, պարզ է: Իսկ մե՞նք․․․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ադրբեջանի դիրքորոշումը Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ հայտնի է. այս դիրքորոշումը հատուկ քարոզչական նպատակով հրապարակվել էր Բրատիսլավայում Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումից առաջ: Հիշեցնեմ՝ Ադրբեջանի ցանկություններն են՝ ա/ որ հայկական զինված ուժերը դուրս գան նախկին ԼՂԻՄ և այն շրջապատող տարածքներից, բ/ որ Արցախ վերադառնան ադրբեջանցի «փախստականները», գ/ որ դրանից հետո Արցախի «հայկական և ադրբեջանական համայնքները» որոշեն Արցախի կարգավիճակը: Իր ցանկությունների ցանկի վերջում Ադրբեջանը բավականին իմպերատիվ եղանակով ավելացրել է, որ այլ տարբերակների այդ երկիրը համաձայն չէ: Ակնհայտ է, որ Արցախում, Հայաստանում կամ աշխարհի որևէ երկրում չկա որևէ հայ, որը համաձայն կլինի խնդրի լուծման նման տարբերակի հետ: Բայց փաստ է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են և ինչ-որ հարցեր քննարկվել են: Եվ շատ բնական երկու հարց է առաջանում 1/ եթե կողմերից մեկի դիրքորոշումն այս աստիճանի հստակ է և կարծր, ապա ինչի՞ շուրջ են բանակցություններն ընթանում, 2/ ի՞նչ է հայկական կողմը հակադրում այդ կարծր դիրքորոշմանը: Մեր ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, խոսվել է «հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման» մասին, ինչպես նաև նշվել է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը»: Այդ ամենն, իհարկե, շատ լավ է, բայց չի փարատում մեր հասարակության մեջ կասկածներն առ այն, որը բանակցվում է ինչ-որ մի ծրագիր, որի մեջ այս կամ այն չափով ներառված են Ադրբեջանի վերը շարադրված ցանկությունները: Հակառակում համոզվելու համար մեզ, հավանաբար, պետք է իմանալ Հայաստանի՝ նմանատիպ ձևով շարադրված դիրքորոշումը, որը նույնքան միանշանակ կերպով կներկայացնի հայկական կողմի բանակցային դիրքերը: Հայաստանի արտգործնախարարի ելույթը Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին, որտեղ շեշտվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, այս առումով, կարծում եմ, բավարար չէ. Ադրբեջանը հստակ ծրագիր է նշում, իսկ մենք՝ միայն սկզբունքները: Մենք ուզում ենք, որ բանակցություններին մասնակցեն Արցախի ներկայացուցիչնե՞րը: Շատ լավ, այդ դեպքում թող այդ փաստաթուղթը գրի Արցախի ԱԳՆ-ն, որը ճիշտ նույն ձևով կհրապարակվի Մնացականյանի ու Մամեդյարովի հաջորդ հանդիպումից առաջ: Խնդրի լուծումն, այո, պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին: Թե ինչն է բավարարում Ադրբեջանի ժողովրդին, արդեն պարզ է: Մնում է պարզել, թե ինչն է մեզ բավարարում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր