211652_close_icon
views-count1348 դիտում article-date 23:37 05-12-2019

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները կավելանան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ առաջիկայում ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները ավելի լայն կլինեն. «Կարևոր եմ համարում, որ Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի նիստում հենց հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված օրակարգն ենք քննարկելու, և սա պետք է լինի մեր գործունեության հիմնական սկզբունքներից մեկը։ Էական է, որ պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչները նիստին մասնակցում են հավասար գործընկերային հիմունքներով, քանի որ խորհուրդը մի հարթակ է, որտեղ հավասարապես քննարկվում են երկուստեք օրակարգային համարվող հարցերը»,- այս մասին Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Ժ․ Անդրեասյանը ներկայացրել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող աջակցության վերաբերյալ նախարարության քաղաքականությունը՝ տեղեկացնելով, որ նոր աջակցության կենտրոնների և ապաստարանների ֆինանսավորումը նախատեսվում է 2020 թվականի հունվարից։ Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների և աջակցության հնարավորությունները շատ ավելի լայն կլինեն։ Նիստի շրջանակում «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է առաջարկների փաթեթ՝ ընտանիքում բռնության կանխարգելման և առկա օրենսդրական խնդիրները կարգավորելու վերաբերյալ։ Ոստիկանության գործունեությանն առնչվող հարցերից հատկապես շեշտադրվել է ընտանիքում բռնության դեպքի ժամանակ անհետաձգելի միջամտության որոշում կիրառելու ժամկետի սահմանման խնդիրը, նրանց հետ անցկացվող հարցաքննության ընթացակարգը, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, բայց անգործունակ չճանաչված անձանց նկատմամբ պաշտպանության միջոցի կիրառման հարցերը։ «Այսօր Ընտանիքում բռնության մասին օրենքը և առկա մեխանիզմները բավարար չեն աջակցելու շահառուներին։ Այս խորհուրդը նաև նրա համար է ստեղծված, որպեսզի առաջ բերելով խնդիրները, ունենանք առաջարկություններ, թե ինչպես փոխենք օրենսդրությունը և մեխանիզմները։ Սա թույլ կտա բարելավել իրավիճակը և կփորձի լրացնել առկա բացերը»,- նշել է «Կանանց աջակցման կենտրոնի» տնօրեն Մարո Մաթոսյանը։ Հանդիպման ընթացքում ՀՀ Դատախազության, Առողջապահության և Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ նաև քննարկվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց և նրանց երեխաներին անվճար բժշկական ծառայությունների տրամադրման, նաև դատաբժշկական փորձաքննության շրջանակում հետազոտությունները նույն հաստատությունում անցկացնելու հարցերը։ Կարևորվել է նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց երեխաների ապահով և պատշաճ կրթության կազմակերպման ապահովումն ու ապաստարանում գտնվող, բայց գրանցված հասցե չունեցողներին ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկելու հետ կապված հարցերը։

Նմանատիպ նյութեր