1763 դիտում
18:33 05-12-2019
Գլխավոր դատախազը 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:
2008թ. դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան իրադարձությունների ընթացքում նշված անձինք համապատասխանաբար «Ազատության» հրապարակում և Հյուսիսային պողոտայում չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և քաշքշելու, հարվածելու եղանակով նրանց նկատմամբ գործադրել են կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Դատավճիռներով Ս. Հարությունյանը դատպարտվել է մեկ տարի, Մ. Այվազյանը՝ մեկ տարի վեց ամիս ժամկետով պայմանական ազատազրկման:
Դատավճիռները պաշտպանության կողմից 2008թ. բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան, որոնք մերժվել են՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները: Մ. Այվազյանի դեպքում նաև վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը, սակայն, վերադարձվել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ի սկզբանե կանխորոշված է եղել քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես՝ նշված անձանց վերաբերյալ գործերով մեղադրանքները եղել են անորոշ, զուրկ կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, տուժող ճանաչված անձինք չկան, քննությամբ չի պարզվել այն անձը, ում նկատմամբ ենթադրաբար բռնություն է գործադրվել: Այսինքն Ս. Հարությունյանի և Մ. Այվազյանի արարքներում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ այս գործերով դատարանները խախտել են ամբաստանյալների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները:
Մասնավորապես՝ դատաքննությունների ընթացքում մերժվել են որպես վկա՝ ականատես և դեպքերի մասնակից մի քանի անձանց հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունները, մեղադրական դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները:
Մինչդեռ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են աշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին:
Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու, մեղսագրված արարքում նրանց անմեղությունը ճանաչելու պահանջով:
Այսպիսով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող՝ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին մասնակից անձանց վերաբերյալ՝ կոնվենցիոն իրավունքների առերևույթ խախտմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության գործընթացի արդյունքում արդեն իսկ 10 անձանց վերաբերյալ գործերով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ: Դրանցից մեկը (Արամ Բարեղամյանի գործով)՝ ներկայացվել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով, մեկը՝ (Մուշեղ Սաղաթելյանի գործով)՝ ՄԻԵԴ որոշմամբ պայմանավորված նոր հանգամանքի հիմքով, մյուս ութը՝(Ս. Այվազյանի, Դ. Մաթևոսյանի, Խ. Գալստյանի, Հովհ. Ղազարյանի, Դ. Առաքելյանի, Ա. Շահինյանի, Ս. Հարությունյանի և Մ. Այվազյանի գործերով)՝ դատարանի կողմից թույլ տրված՝ արդարադատության բուն էությունը խաթարող՝ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների հիմքով:
Նշված բողոքներից 3-ը ՀՀ վճռաբեկ դատարանն ընդունել է վարույթ: Դրանցից մեկով (Մ. Սաղաթելյանի գործով) բավարարվել է գործը նոր դատական քննության ուղարկելու դատախազության միջնորդությունը: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործով քննության ընթացքում դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից, որի արդյունքում կայացվել է արդարացման դատավճիռ: Իսկ նշված մյուս երկու բողոքները գտնվում են ՀՀ Վճռաբեկ դատարանի վարույթում:
Գլխավոր դատախազի կողմից ներկայացված մնացած 7 բողոքները վարույթ ընդունելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս որոշումներ չի կայացրել:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
310 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
913 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
502 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում