211652_close_icon
views-count4483 դիտում article-date 16:40 05-12-2019

Կենսաթոշակը կվճարվի միայն անկանխիկ եղանակով. օրինագիծն ուժի մեջ կմտնի փուլ առ փուլ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթին, որը նպատակը կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։ Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով սահմանված է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Ըստ այդմ, նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները անկանխիկ եղանակով կատարելը: Նախատեսվում է նաև բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից: Իսկ 35-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվող փոփոխությամբ առաջարկվում է հանել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես բանկի տարածքում տալու պահանջը՝ Կառավարությանը վերապահելով հայտարարությունն անձամբ բանկ ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն: Միաժամանակ, անցումը կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար, նախատեսվում է անցումը կատարել փուլային տարբերակով` նախ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում (2020-ի հուլիսի 1-ից), ապա հաջորդաբար` մնացած քաղաքային բնակավայրերում (2021-ի հունվարի 1-ից), 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ վերջում՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։

Նմանատիպ նյութեր