211652_close_icon
views-count53439 դիտում article-date 15:04 05-12-2019

Կառավարությունը թույլ տվեց, որ աջ ղեկով մեքենաները ներմուծվեն եւ ՀՀ տարածքում ղեկը փոխվի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որով նախատեսվում է Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել թեթև ավտոմոբիլներ տողով: Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա աջ ղեկով ավտոմեքենաները առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան և ՀՀ տարածքում իրականացնել աջ ղեկը ձախ դարձնելու գործընթացը: Դա անելուց հետո պետք է ավտոմեքենան մաքսազերծում իրականացնելուց հետո հաշվառել և ազատ շահագործել ՀՀ տարածքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փաստորեն ժամանակավոր ներմուծում ռեժիմով թույլ է տրվում աջ ղեկով մեքենաները բերել, ՀՀ տարածքում ղեկային կարգավորումները փոխել, որից հետո միայն հաշվառվի և շահագործվի: «Մենք այսօր խնդիր ունենք, որ աստղաբաշխական թվով մեքենաներ են ներկրվում Հայաստան, և քանի որ 2020 թվականի մաքսային ռեժիմի փոփոխություն է լինելու, ենթադրում եմ, որ այստեղ կտրուկ անկում պիտի լինի, բայց պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Պետք է հասկանանք, թե որքան Հայաստանից դուրս գնաց, որքանը մնաց ՀՀ-ում և դա ինչ մարտահրավեր է բերում»,- ընդգծեց Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց քննարկել ընդհանրապես, աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան, անգամ եթե ղեկը փոխված է: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավելացրեց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասել, որ սա էլ են անում ու վերջ, բայց հիմա էլի վերադարձել են: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Այսինքն` հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում՝ ասում են՝ Վրաստանի արհեստավորն էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողում աշխատի: Հիմա մենք որոշումը, փաստորեն, կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել»,-ասաց վարչապետը և կոչ արեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը ու այլևս նոր նախաձեռնություն չբերել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ իր տպավորությունն այն է, որ ծնունդով աջակողմյան մեքենա չեն կարողանալու ներմուծել: «Ես այդպես էի հասկացել, բայց ստացվում է, որ ունենք մի իրավիճակ, որ կարող ենք ընդունել եթե մեր երկրից դուրս է փոխվել ղեկը: Ես կարծում եմ, որ պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ փոխված ղեկով չլինեն շահագործման»,- ասաց: Վարչապետը նշեց, որ VIN կոդով պետք է պարզել աջակողմյան է, թե ձախակողմյան է մեքենան և կոչ արեց ընդհատել քննարկումը և պարզել դա հնարավոր է, թե հնարավոր չէ : Դավիթ Անանյանն ասաց, որ VIN կոդը վերծանելու հնարավորություն չունեն: Այսպիսով՝ որոշումն ընդունվեց՝ հետագայում հարցը քննարկելու պայմանավորվածությամբ:

Նմանատիպ նյութեր