211652_close_icon
views-count1384 դիտում article-date 20:02 04-12-2019

Մեկնարկել է քննարկումների շարք Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Առաջին հանդիպումն այսօր տեղի է ունեցել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպություններիհիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս ընթացքում նման հարթակներ շատ են լինելու՝ ընդհուպ մինչև ԱԺ լսումներ, քանի որ նախագծի վերաբերյալ առկա է մեծ հետաքրքրություն: «Այս քննարկումները կարևոր են մեզ համար՝ փորձարկելու նախագիծը, լսելու առաջարկություններ և դիտողություններ, ինչպես նաև ներգրավելու նոր գաղափարներ: Բացի այդ, գոյություն ունեն մի քանի առցանց հարթակներ, որտեղ ևս մենք առաջարկներ ենք ստանում», նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը քննարկվել է բուհերի և ռեկտորների խորհրդի հետ, ստացվել են բազմաթիվ առաջարկներ. դրանց մեծ մասն արդեն տեղ է գտել նախագծում: «Քննարկումները շարունակվելու են ինչպես բուհերի, այնպես էլ տարբեր շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկումների ձևաչափով՝ հավաքագրելու նորանոր առաջարկներ»,-ընդգծել է նախարար Արայիկ Հարությունյանը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական շեշտադրումները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Մասնավորապես, նա ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները, որոնք են՝ բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում,«առկա կամ հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակիբեռնվածությամբ» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում, ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում և այլն: Զեկույցին հաջորդել են մասնակիցների հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների և ուսանողների համամասնությանը բուհերի կառավարման խորհուրդներում, ներառականության ապահովմանը, բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը, ոչ ֆորմալ կրթությանը, նախագծի մշակման աշխատանքներում ուսանողների ներգրավվածությանը, հեռավար կրթությանը և այլն: Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ շահագրգիռ քննարկման համար. «Եղան հետաքրքիր դիտարկումներ, որոնցում ներառված էին կարևոր առաջնահերթություններ, հետևաբար դրանք կարող են տեղ գտնել նախագծում: Մենք կշարունակենք աշխատել բոլորի հետ, որպեսզի ունենանք թերություններից առավելագույնս զերծ օրենք և համընդհանուր համաձայնությամբ այն ներկայացնենք Ազգային ժողով»,-նշել է նախարարը։

Նմանատիպ նյութեր