211652_close_icon
views-count2806 դիտում article-date 21:12 03-12-2019

Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը կմեկնի համերգային շրջագայության Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով

Դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց և իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց երգչախմբին և խմբավար Շահե Քեշիշյանին: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այս տարի ձևավորված երգչախումբը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ջանքերով և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հրավերով, դեկտեմբերի 4-ին կմեկնի Եվրոպա՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգային շրջագայության: Երգչախումբը ելույթներ կունենա Նիդերլանդներում, Բելգիայում և Իտալիայում: Սարկավագաց երգչախմբի առաջին ելույթները նախատեսվում են դեկտեմբերի 5-ին և 6-ին Ամստերդամի Սուրբ Հոգի և Ալմեոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում: Դեկտեմբերի 7-ից 9-ը երգչախումբը համերգային ծրագրով հանդես կգա Բելգիայում` Բրյուսելի Մայր Տաճարում, Բրյուսելի Սուրբ Սերվանտիուսի տաճարում և Անտվերպենում, իսկ դեկտեմբերի 12-ին և 14-ին` Հռումում` Հռոմի Սանտա Մարիա դե Տրաստեվերե և Միլանի Սան Ստեֆանո Մաջիորե տաճարներում: Ճամփորդության ընթացքում երգչախումբը կմասնակցի նաև Սուրբ Պատարագի արարողություններին՝ Բելգիայի և Իտալիայի հայկական եկեղեցիներում: Կարևորելով հայ ժողովրդի երախտարժան զավակի` Կոմիտասի ստեղծագործությունների համամարդկային նշանակության վերհանումը և հանրահռչակումը` Նորին Սրբությունը երգչախմբին մաղթեց հաջող համերգային շրջագայություն:

Նմանատիպ նյութեր