211652_close_icon
views-count975 դիտում article-date 10:47 03-12-2019

Հանգամանքներ, որոնք կարող են այդ սերը սասանել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Գրեթե ամեն օր կառավարությունը հաղորդում է լավատեսական լուրեր, որոնք կոչված են մեզ դրական լիցքեր հաղորդել: Տնտեսության այսինչ բնագավառում այսքան տոկոսով աճ է գրանցվել, արտագաղթը նվազել է այսքան տոկոսով, միջազգային այսինչ վարկանիշում մենք առաջ ենք գնացել այսքան կետով, վարչապետը նոր արտադրամասեր է բացում, որոնք կապահովեն այսքան աշխատատեղեր: Ի դեպ, այդ լուրերի շարքում նշվում էր հետևյալը. երբ ամբողջ աշխարհում գնաճ է գրանցվում, մեզանում արձանագրվել է գնանկում՝ դա, ըստ տնտեսագետների, այնքան էլ լավ լուր չէ: Բայց այստեղ ես մտադիր չեմ վիճարկել և մեկնաբանել այդ թվերը՝ դրական բաներ իսկապես տեղի են ունենում, լինում են նաև զուտ քարոզչական հայտարարություններ: Բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ժողովրդական հիմնական զանգվածի վերաբերմունքն իշխանության հանդեպ ամենևին էլ պայմանավորված չէ այդ ճիշտ կամ սխալ թվերով: Ժողովուրդը սիրում է ներկայիս իշխանությանը ու հատկապես, իհարկե, Նիկոլ Փաշինյանին: Եվ այդ սերն ամենևին պայմանավորված չէ տնտեսական ցուցանիշներով, միջազգային վարկանիշներով և ժապավեն կտրելով: Ժողովուրդը սիրում է Փաշինյանին, որովհետև նա կարողացավ հեղափոխություն իրականացնել: Իհարկե, կան հանգամանքներ, որոնք կարող են այդ սերը սասանել. 1/ Ներկայիս իշխանության հանդուրժողական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների հանդեպ (որն, ի դեպ, ես ամբողջությամբ կիսում եմ): 2/ Հայոց լեզվի՝ բուհերում դասավանդման խնդիրը (դրան անդրադարձել եմ): 3/ Ամուլսարը աշխատեցնելու հարցը (հասկանալով, որ դա զգայուն խնդիր է, իշխանությունը գնում է ձգձգումների ճանապարհով): 4/ Բանակից 10 միլիոն դրամի դիմաց ազատելու նախագիծը (բարեկամաբար խորհուրդ կտայի չընդունել այդ նախագիծը՝ այն առաջացնում է իրենց երեխաներին առաջնագիծ ուղարկած սովորական մարդկանց զայրույթը): 5/ Բժշկական պարտադիր ապահովագրությունը, որը կարող է առաջացնել «պարտադիր կուտակայինի» նման կրքեր: Բայց եթե անգամ այս բոլոր խնդիրները լուծվեն ոչ ժողովրդահաճո ճանապարհով, դա կարող է միայն սասանել, բայց ո՛չ «վերացնել» իշխանության հանդեպ սերը: Ժողովրդի համար, մեծ հաշվով, գոյություն ունի մեկ չափանիշ՝ «թալանչի է – թալանչի չէ»: Այդ բաժանումը, իհարկե, առանձնապես կապ չունի զուտ իրավական բնորոշումների հետ, ավելի շուտ՝ բնազդային, զգացմունքային ոլորտից է: Սակայն նման բնազդները ժողովրդի (ցանկացա՛ծ ժողովրդի) համար ավելի կարևոր են, քան բոլոր տեսակի բանական փաստարկներն ու հակափաստարկները: Ահա այդ տեսանկյունից նախորդ իշխանությունները ժողովրդի կողմից ընկալվում են որպես «թալանչի», իսկ ներկաները՝ որպես «ոչ թալանչի»: Բայց ընկալումները կարող են փոխվել, եթե այսօրվա իշխանավորներն առիթներ տան»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր