211652_close_icon
views-count7977 դիտում article-date 10:11 03-12-2019

Արարատի մարզպետը վարսավիրի ծեծից հետո ինքն իրեն պարգևատրել է 1 մլն դրամով․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ շատերի, այդ թվում՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, նրա թիմակիցների և մարզպետի «կանտովկան դզելուց» հրաժարված վարսավիրի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը (որը հաստատել էր նաև վարսավիրի հայրը), և հասարակության տարբեր խմբերում քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, վերջինս հանգստից վերադարձել է աշխատանքի և հենց նույն օրն ինքն իրեն 1 միլիոն դրամ պարգևատրում է դուրս գրել։ Ի դեպ, նույն կարգադրության մեջ մարզպետը շռայլորեն 100 տոկոսանոց պրեմիայով նաև բաջանաղին՝ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանին է ներառել։ Հաջորդ օրը, ասում են, մարզպետը վերանայել է իր որոշումը, երբ նկատել է, որ կոլեկտիվում չափից ավելի շատ է իր պաշտոնանկության շուրջ բամբասանքներ տարածվում, փորձել է բյուջեի հաշվին սիրաշահել որոշ աշխատակիցների։ Իր մոտ է կանչել աշխատակազմի փաստացի ղեկավարը դարձած իր մտերմուհի Լիլիթ Միրզախանյանին և հրահանգել է, որ ողջ աշխատակազմին, բացի իրեն դատի տված երկու անձանցից, 100 տոկոսանոց պարգևավճարներ փոխանցել։ Փորձեցինք մարզպետի սույն կարգադրության հիմքերը պարզել, սակայն դրա մասին պաշտոնական տեղեկատվություն չհայտնաբերեցինք մարզպետարանի պաշտոնական կայքի կարգադրությունների բաժնում կամ հրամաններում։ Ստացվում է՝ մարզպետը բյուջեի հաշվին անձնակազմին սիրաշահելու որոշումը փորձել է թաքցնել ցանկում չներառված անցանկալի դեմքերից, և ամենակարևորը՝ հանրությունից, որին Նոր Հայաստանում հեղափոխականների չկոռումպացված, թափանցիկ կառավարման խոստումներ էին տալիս ու ստիպում անվերապահորեն իրենց հավատալ։ Ի դեպ, մարզպետի համար երկու անցանկալի և պարգևատրումների «անարժան» հերոսներն այն «սևերն» են, որոնք հանդգնել են դատի տալ մարզպետին։ Մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Հայկ Բադալյանն ու Սոցապահովության բաժնի պետ Նունե Մարտիկյանը, հիշեցնենք, հեղափոխական մարզպետի դեմ դատական հայցերով ընդվզումները սկսել են մարզի բժշկական կենտրոնների (ԲԿ) ղեկավարների թափուր հաստիքների համար անցկացված սկանդալային մրցույթից հետո, որի աղաղակող խախտումների մասին մամուլը հրապարակել է բազմաթիվ անգամներ։ Հիշեցնենք, նշված անձինք բարձր արդյունքներով մասնակցել էին Վեդու և Արտաշատի ԲԿ-ների ղեկավարների թափուր հաստիքների համար անցկացված մրցույթին, և փաստացի հաղթելու շանսերով հանդերձ՝ նրանց երկուսին էլ թույլ չէր տրվել հաստատվել այդ պաշտոններում՝ զուտ այն պատճառով, որ մարզպետ Գարիկ Սարգսյանն այդ պաշտոնանկություններն ու նշանակումները հատուկ սցենարով էր իրականացրել, որպեսզի կանխավ իր միջնորդավորած անձանց նշանակի ղեկավար պաշտոններում, ինչպես որ պայմանավորվածությունը եղել է։ Ավելի վաղ, հիշեցնենք, մեր հրապարակման մեջ գրել էինք՝ մարզպետի հարկադրանքով մարզային երեք ԲԿ-ների ղեկավարներն ազատվել էին իրենց պաշտոններից, և այս կամայական որոշումներն ավելի քան 10 տարբեր հայցերով այսօր վիճարկվում են վարչական և մարզային դատարաններում։ Փորձեցինք այս և պարգևավճարի մասին հարցադրումների պատասխանները ստանալ անձամբ մարզպետ Գարիկ Սարգսյանից, սակայն նա, ինչպես միշտ, խուսափեց ուղիղ պատասխանել 168.am-ի հարցերին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր