211652_close_icon
views-count1634 դիտում article-date 18:03 02-12-2019

Հանդիպում՝ ՀՀ ԱԳՆ-ում. քննարկվել են Չինաստանի կառավարության կողմից ՀՀ-ում իրականացվող անհատույց տեխնիկատնտեսական օգնության ծրագրերին առնչվող հարցեր

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության նախագահի տեղակալ Դենգ Բոցինգին (Deng Boqing): Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող անհատույց տեխնիկատնտեսական օգնության (դրամաշնորհային) ծրագրերին առնչվող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ ՉԺՀ կառավարության կողմից իրականացված անհատույց օգնության ծրագրերը զգալի դեր են ունեցել Հայաստանի մի շարք ոլորտների կարողությունների զարգացման և արդիականացման համար, այդ թվում՝ վերջին տարիներին հանրային տրանսպորտի և առողջապահության բնագավառներում: Ավետ Ադոնցն ընդգծեց, որ վերոնշյալ ծրագրերի շրջանակներում կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը նպաստում է չինարեն լեզվի և մշակույթի ուսուցմանն ու տարածմանը մեր երկրում (նախորդ տարիներին Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության կողմից իրականացված ամենամյա վերապատրաստման դասընթացներին Հայաստանից մասնակցել են պետական և մասնավոր հատվածների տարբեր բնագավառների շուրջ 1400 ներկայացուցիչներ): Դենգ Բոցինգը ներկայացրեց վերակազմավորված Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության գործունեության ուղղությունները և ձևերը՝ նշելով, որ տեխնիկական աջակցության ծրագրերից զատ գործակալության գործառնությունների տիրույթում է նաև գործընկեր երկրների կառավարություններին արտոնյալ վարկերի տրամադրման հարցը: Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստանում իրականացվելիք տեխնիկական և տնտեսական աջակցության առաջիկա հնարավոր ծրագրերին, փորձագետների փոխանակման, ինչպես նաև ենթակառուցվածքային շինարարության վարկավորման հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր