211652_close_icon
views-count1771 դիտում article-date 17:00 30-11-2019

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Ուկրաինայում հանդիպել է հայ գործարարների հետ

Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «SIMUL FORTES» գործարարների ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել «Imagine Armenia» բարեգործական հիմնադրամի նախագահ Հայկ Աղվանյանը՝ ներկայացնելով հանդիպման մասնակիցներին և քննարկվելիք հարցերի շրջանակը: Գործարարների ակումբի փոխնախագահ Վահե Մելիքյանն իր խոսքում կարևորել է հայ-ուկրաինական առևտրային կապերի ամրապնդումը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ակտիվացումը: Սակայն ըստ գործարարի՝ առկա են մի շարք խոչընդոտներ, որոնք բարդացնում են բիզնես կապերի զարգացումը: Գործարարներն ընդգծեցին նաև հայկական ազգային բրենդի ստեղծման անհրաժեշտությունը, մարկետինգային ճկունությունն ու համաշխարհային միտումներին համապատասխանությունը, որոնք թույլ կտան արտերկրում հավուր պատշաճի ներկայացնել հայկական արտադրանքը: Առաջարկ հնչեց նաև ստեղծել հայ-ուկրաինական արևտրային պալատ, որը հնարավորություն կընձեռի դյուրինացնել պետությունների միջև գործարար կամուրջների հաստատումը: Գործարարների ակումբի մյուս փոխնախագահ Ալեքսանդր Փիլոյանը շեշտարդել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, Ուկրաինայում Հայաստանի զբոսաշրջային գրավչության ներկայացումն ու տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Գործարարները խոսեցին նաև Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում հնարավոր թռիչքային զարգացումների, IT բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և ներդրումների մասին: Գլխավոր հանձնակատարը կարևորեց գործարարների նման հետաքրքրվածությունը հայրենիքի հանդեպ, գործարար համայնքի միջև առկա համախմբվածությունը, ինչպես նաև շեշտեց խնդիրների և խոչընդոտների վերացման կարևորությունը: Այնուհետ հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով:

Նմանատիպ նյութեր