211652_close_icon
views-count2274 դիտում article-date 23:07 29-11-2019

ԱՍՀ նախարարության պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանը «Պեկին+25» նախարարական համաժողովին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գլխավորել է հայաստանյան պատվիրակությունը՝ «Պեկին+25» Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների նախարարական համաժողովի շրջանակում։ Համաժողովի նպատակն է եղել ներկայացնել մասնակից երկրների՝ գենդերային հավասարության հաստատմանն ու կանանց հզորացմանն ուղղված ռազմավարական գործողությունները, ինչպես նաև հարթակ տրամադրել տարբեր ոլորտներում նորարարական լուծումների և փորձի փոխանակման համար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը Կանանց համաչինական ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ - չինական համագործակցության հեռանկարները՝ կարևորելով երկու երկրների կանանց հիմնահարցերով զբաղվող կազմակերությունների դերը փորձի փոխանակման և համատեղ օրակարգի ձևավորման գործում։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի փորձն ու հանձնառությունը՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման, Հայաստանում աղքատության վերացման և սոցիալական պաշտպանության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների բնագավառում երեխաների ակտիվ ներգրավվածությանը, տարբեր մարզերում աղջիկների ֆուտբոլային թիմերի ձևավորմանը: Համաժողովի ավարտին մասնակից երկրների կողմից ընդունվել է հռչակագիր, որում ներառվել են նաև զինված հակամարտությունների գոտում բնակվող և դրանց հետևանքով տեղահանված կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական պաշտպանության, առողջապահական ծառայությունների հասանելիության հարցերը։

Նմանատիպ նյութեր