211652_close_icon
views-count2185 դիտում article-date 20:28 28-11-2019

Մենք կարող ենք ավելին. Արցախի պետնախարարի ուղերձը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակության առթիվ

ԱՀ պետական նախարարի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 28-րդ տարին է՝ համախմբվելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ՝ յուրաքանչյուր հայ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում իր նվիրումն ու ներդրումն է ունենում բազմաթիվ հիմնահարցերի լուծմանը: Դա առավել ընդգծվում է համազգային հանգանակության օրը, երբ յուրաքանչյուրս մեր բաժին մասնակցությամբ տեր ենք կանգնում համազգային նպատակների իրականացմանը: Պարզապես հիշենք նախորդ տարիներին իրականացվածը. ճանապարհների, կրթօջախների, համայնքային նշանակության կառույցների շինարարություն, բազմազավակության խթանման ծրագիր, կենսական նշանակության ջրի խնդրի լուծում Արցախի ու Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում: Վերջապես, համայն հայության ջանքերի շնորհիվ էր նաև իրագործվել Թալիշի վերածնունդը: Ապրիլյան առճակատումից հետո սահմանապահ գյուղը կրկին վերագտել է հավատն ու արժանապատվությունը: Արցախի կառավարության ու «Հայաստան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ գյուղում բնակարաններ, դպրոց ու մանկապարտեզ, համայնքային կենտրոն է կառուցվել, անցկացվել անհրաժեշտ ենթակառուցվածքները, որպեսզի թալիշցին նորից ամրանա իր բնակավայրում: Եվ ահա, մի քանի շաբաթ առաջ Թալիշում կրկին հնչել է դպրոցական զանգը… Պատահական չէ, որ Արցախում ընդգծված երախտագիտությամբ են վերաբերում համահայկական կառույցի գործունեությանը: Իսկ նվիրատուների վստահության մեծ չափաբաժինը, որը հիմնադրամը վաստակել է իր գործունեության այս տարիների ընթացքում, նոր նախաձեռնությունների իրագործման ճանապարհը դարձնում է ավելի դյուրին ու իրատեսական: Եվ այս տարի, մեր մասնակցությունը բերելով ազգային նվիրատվությանը՝ կապահովվենք կենարար ջրի ու արևային էներգիայի հոսքը մեր բնակավայրեր: Մենք կարող ենք ավելին, ու կարողություններն այդ բազմապատկվում են, եթե մեր ջանքերը համատեղում ենք: Արցախի մեր հայրենակիցներին կոչ եմ անում մասնակցելու համահայկական դրամահավաքին և միասնական ջանքերով զարգացնելու մեր համայնքները։ #ArmeniaFundChallenge #ԵսԻմԱնուշՀայաստանի #Մարաթոն2019»։

Նմանատիպ նյութեր