211652_close_icon
views-count803 դիտում article-date 18:59 28-11-2019

Հանրային բաց լսումներ՝ Երևանի 2020թ. բյուջեի և զարգացման ծրագրերի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանում տեղի են ունեցել հանրային բաց լսումներ: Բնակիչները և քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց հարցերը, դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել 2020թ. բյուջեի, քաղաքի զարգացման տարեկան և հնգամյա ծրագրերի վերաբերյալ: Ոլորտի պատասխանատուներն ու քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը պատասխանել են քաղաքացիների հարցերին: Մասնակիցները հետաքրքրվել և առաջարկներ են արել կանաչապատման, վերելակների փոխարինման, մասնակցային կառավարման և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման ծրագրերի առումով: Բնակիչների հարցադրմանը, թե ինչու՞ վերելակների փոխարինման ծրագիրը ներառված չէ բյուջեում, փոխքաղաքապետը պարզաբանեց. ծրագիրը չի իրականացվելու բյուջեի միջոցների հաշվին՝ ինչից ելնելով էլ արտացոլված չէ նախագծում: Խոսելով մասնակցային կառավարման մասին՝ քաղաքապետի տեղակալը նշեց, որ բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ եղել են նաև անցյալ տարի: Բացի այդ, նախագիծը կազմված է տարվա ընթացքում բնակիչների առաջ քաշած խնդիրների հիման վրա: Կա գաղափար, որ քաղաքի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով կզբաղվի առանձին ՀՈԱԿ-ը: Հաջորդ տարի նախատեսվում է գույքագրել ծառերի ֆոնդը և քարտեզագրել: Անդրադառնալով տեսողական, լսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքում տեղաշարժը հարմարավետ դարձնելու քայլերին՝ փոխքաղաքապետն առանձնացրեց մի շարք ծրագրեր, այդ թվում՝ թեքահարթակների կառուցման, մայթերի երկայնքով գոգավոր սալիկների, խաչմերուկներում՝ ձայնային ազդանշանների ավելացման նախագծերը: Ներկայացված որոշ առաջարկներ կներառվեն հաջորդ կամ հետագա տարիների ծրագրերում: Քաղաքացիների մի շարք հարցեր էլ եղել են անձնական բնույթի: Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել քննարկմանը ներկա գտնվողներին՝ մասնակցության և հարցադրումների համար: Նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր