211652_close_icon
views-count2339 դիտում article-date 15:39 28-11-2019

Քրեակատարողական ոլորտի 2019-2023թթ. ռազմավարությունը. մի շարք ՔԿՀ-ներ փակելու խնդիր կա

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Ռազմավարության նպատակն է՝ պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումն ու հասարակական անվտանգության ապահովումը: Ըստ այդմ՝ սահմանվել են բարեփոխումների հետևյալ ուղղությունները՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործում, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավում, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում, քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության շենքային պայմանների բարելավում ու տեխնիկական հագեցվածության բարձրացում, քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովում, ազատությունից զրկված անչափահաս անձանց պահման պայմանների բարելավում, կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարումը: քրեակատարողական ծառայությունում կադրային քաղաքականության և պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայումը, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության ամրապնդում, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում, դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավում: Նախարարի տեղեկացմամբ, պահման պայմանների բարելավման և քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսվում է՝ Փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ: Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում): «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք: Փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները: Քրեակատարողական հիմնարկների պայմաններից զատ՝ նախատեսվում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովել նաև Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համար: Ռուստամ Բադասյանը նշեց, որ ծրագրի արժեքը մոտ 49,549 մլրդ դրամ է, որի առյուծի բաժինը կապիտալ ծախսեր են նոր ՔԿՀ-ներ կառուցելու համար: «Նախնական քննարկել ենք, պետական բյուջեից ֆինանսավորում լինելու է, բայց լինելու է նաև միջազգային դոնորների աջակցությունը, այս պահին բանակցությունները շարունակվում են»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր