211652_close_icon
views-count34078 դիտում article-date 20:55 26-11-2019

Լոռու մարզում թալանել են «Լալվարի» անտառտնտեսության տնօրենի և Շնողի միջնակարգ դպրոցի տնօրենի տունը. ըստ ամուսինների՝ հափշտակել են խոշոր չափի ոսկյա և արծաթյա զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում բնակարանային գողության փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 25-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել Շնող գյուղի բնակիչ՝ 55-ամյա Հարություն Ա-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք մտել են իրենց տուն և տունը տակնուվրա արել։ Նշված հասցե են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի և Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Արդեն տանը Հարություն Ա-ի կինը՝ Անուշ Ղ-ն, ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նույն օրը, ժամը 09։00-ց մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել իրենց տուն և տան պահարաններից մեկի միջից գողացել կտորի մեջ փաթաթված տարբեր տեսակի և տարբեր քանակության ոսկյա և արծաթյա զարդեր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողացված ոսկյա և արծաթյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հարություն Ա-ն աշխատում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լալվարի» անտառտնտեսության տնօրեն, իսկ Անուշ Ղ-ն աշխատում է Շնողի միջնակարգ դպրոցի տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր