Ավտովթար Արագածոտնի մարզում. Renault-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում տաքսու տարբերանշաններով   Renault Logan մակնիշի 889 ԼԼ 36 համարանիշի  ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի  Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում,  դուրս է եկել ճանապարհի  երթևեկելի  գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել  դաշտում: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 
 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային  ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Տեղում հետաքննչական աշխատանքները  ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


