211652_close_icon
views-count1545 դիտում article-date 15:10 26-11-2019

Դեկտեմբերի 23-ին հրավիրվել է ՀՖՖ-ի Անդամների Արտահերթ ժողով

Հաշվի առնելով, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի՝ 2019 թ. նոյեմբերի 21-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ նախագահը հրաժարվել է ՀՖՖ-ի Նախագահի պաշտոնից, և Գործադիր կոմիտեի անդամները հայտարարել են ՀՖՖ-ի Արտահերթ ընդհանուր ժողովի կողմից Գործադիր կոմիտեի նոր կազմի հաստատումից անմիջապես հետո իրենց լիազորությունները դադարելու վերաբերյալ և հիմք ընդունելով ՀՖՖ-ի Կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետը, համաձայն որի, ՀՖՖ-ի յուրաքանչյուր Անդամ կարող է առաջարկել Նախագահի և Գործադիր կոմիտեի անդամի մեկական թեկնածու, ինչպես նաև հիմք ընդունելով, որ Գործադիր կոմիտեի նախաձեռնությամբ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին հրավիրվել է ՀՖՖ-ի Անդամների Արտահերթ ժողով, ներկայացնում ենք ՀՖՖ Անդամների կողմից Նախագահի և Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուներ ներկայացնելու ընթացակարգը և ՀՖՖ անդամների ցանկը: Թեկնածություններն առաջադրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ օրենսդրության և ՀՖՖ Կանոնադրության համապատասխան կարգավորումները, ներառյալ, բայց առանց սահմանափակման, Կանոնադրության հետևյալ դրույթները. Ընտրությունների վերաբերյալ՝ ՀՖՖ-ի յուրաքանչյուր Անդամ կարող է առաջարկել Նախագահի և Գործադիր կոմիտեի անդամի մեկական թեկնածու։ ՀՖՖ-ի յուրաքանչյուր անդամ կարող է Գործադիր կոմիտեում ներկայացված լինել միայն մեկ անդամով։ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին. ա) մինչև թեկնածու առաջադրվելը վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ ֆուտբոլի բնագավառում (օր.՝ որպես խաղացող կամ պաշտոնատար անձ). բ) լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակվել պետության տարածքում. գ) լինել առնվազն 25 տարեկան և ունենալ ՀՀ-ում ընտրական իրավունք. դ) տվյալ պաշտոնի հետ անհամատեղելի որևէ հանցագործության համար նախկինում դատապարտված չլինել։ Գործադիր կոմիտեի որևէ պաշտոնի համար թեկնածությունները և նրանց կենսագրությունները ՀՖՖ-ի գլխավոր քարտուղարությանն են ներկայացվում համապատասխան ընտրական Ժողովից առնվազն 20 օր առաջ։ Թեկնածուների պաշտոնական ցուցակը տրամադրվում է ՀՖՖ-ի Անդամներին Գործադիր կոմիտեի ընտրության համար հրավիրվող Ժողովից առնվազն 10 օր առաջ։ Սույն կետով սահմանված դրույթները կիրառվում են նաև Արտահերթ Ժողովի ժամանակ անցկացվող ընտրությունների դեպքում։ Գործադիր կոմիտեի կազմի վերաբերյալ՝ Գործադիր կոմիտեն կազմված է 17 անդամից՝ 1 Նախագահից, 1 փոխնախագահից, 15 անդամից, որոնցից առնվազն երկուսը` կին: Գործադիր կոմիտեի Նախագահը, փոխնախագահը և անդամները պաշտոնավարում են չորս տարիժամկետով։ Նրանց լիազորությունները ծագում են նրանց ընտրության հարցը քննած Ժողովի ավարտից անմիջապես հետո։ Անձը չի կարող Նախագահի պաշտոնում պաշտոնավարել երեք ժամկետից ավելի (անընդմեջ կամ ընդհատումներով)։ Գործադիր կոմիտեի անդամը չի կարող պաշտոնավարել երեք ժամկետից ավելի (անընդմեջ կամ ընդհատումներով)։ Սույն կետի կիրառման առումով` եթե անձը զբաղեցրել է պաշտոնը այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնավարման ժամկետից պակաս ժամանակահատվածում, ապա այդպիսի պաշտոնավարման ժամկետը դիտարկվում է որպես պաշտոնավարման մեկ լրիվ ժամկետ։ Գործադիր կոմիտեի անդամը միևնույն ժամանակ չի կարող լինել ՀՖՖ-ի որևէ անկախ մարմնի կամ ՀՖՖ-ի գլխավոր քարտուղարության անդամ և չի կարող նշանակվել/ընտրվել որպես ՀՖՖ-ի Ժողովին որևէ Անդամին ներկայացնող Պատվիրակ։ Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու համար անդամները պետք է ՀՖՖ ներկայացնեն Նախագահի և Գործադիր կոմիտեի թեկնածուների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները/փաստաթղթերը. 1. Կենսագրություն, ֆուտբոլի բնագավառում գործունեության մանրամասն նկարագրությամբ (մասնավորապես, վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում), 2. Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը (նույնականացման քարտի կամ բիոմետրիկ անձնագրի տրամադրման դեպքում, նաև տեղեկություններ բնակության հասցեի վերաբերյալ), 3. ՀՖՖ-ի Անդամի համապատասխան իրավասու մարմնի կողմից հավաստում, որ առաջադրված թեկնածուն/թեկնածուները համապատասխանում է/են ՀՖՖ-ի Կանոնադրությամբ տվյալ պաշտոնի համար առաջադրված պահանջներին (մասնավորապես, Կանոնադրության 30-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջներին)` համաձայն սույն Ծանուցմանը կից ներկայացված ձևի (Հավելված 2), 4. Դատվածության տեղեկանք: Ծանուցումներ Նախագահի և Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ՀՖՖ-ի ցանկացած Անդամի կողմից մեկից ավելի (մեկ Նախագահի և մեկ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուներից ավելի) թեկնածություն ներկայացվելու դեպքում կդիտարկվի միայն ցուցակում առաջինն ընդգրկված թեկնածուի թեկնածությունը: Այն դեպքում, երբ ՀՖՖ-ի Անդամի կողմից ներկայացված Նախագահի և Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների ցուցակը չպարունակի նշում առ այն, թե նշված թեկնածուներից որն է առաջադրվել Նախագահի, և որը Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում, ցուցակում առաջինն ընդգրկված թեկնածուն կդիտարկվի որպես Նախագահի պաշտոնում ներկայացված, իսկ երկրորդը, համապատասխանաբար, Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված: Հաշվի առնելով, որ ՀՖՖ Կանոնադրության 37-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Գործադիր կոմիտեի անդամներից առնվազն երկուսը պետք է կին լինեն, հետևաբար, ներկայացված կին թեկնածուներից ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները կընդգրկվեն Գործադիր կոմիտեի կազմում, անկախ այլ թեկնածուների կողմից ավելի շատ ձայներ հավաքած լինելու հանգամանքի: Այն դեպքում, երբ առաջադրվել են միայն երկու կին թեկնածուներ, վերջիններս առանց քվեարկության կհայտարարվեն ընդգրկված Գործադիր կոմիտեի կազմում: Եթե ՀՖՖ անդամները Գործադիր կոմիտեի կազմում ընդգրվելու համար ՀՖՖ-ի Անդամների կողմից կին թեկնածուներ չառաջադրեն, կամ առաջադրեն երկուսից պակաս թեկնածուներ, ապա կին թեկնածուները կառաջադրվեն ՀՖՖ-ի Գլխավոր քարտուղարի և Գործադիր կոմիտեի գործող կազմի կողմից՝ Ժողովի նախապատրաստման գործընթացում: Այս դեպքում կառաջադրվեն 4 թեկնածուներ, որոնց կազմից Ժողովի կողմից կընտրվեն 2-ը: Հիմք ընդունելով, որ ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ՀՖՖ-ի յուրաքանչյուր անդամ կարող է Գործադիր կոմիտեում ներկայացված լինել միայն մեկ անդամով և համաձայն ՀՖՖ Կանոնադրության 37-րդ կետի 1-ին ենթակետի Նախագահը համարվում է ՀՖՖ-ի Գործադիր կոմիտեի անդամ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՖՖ-ի Անդամի կողմից առաջադրված Նախագահի թեկնածուի՝ Նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում, ՀՖՖ-ի այդ Անդամի կողմից առաջադրված Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուն չի ընդգրկվի Գործադիր կոմիտեի անդամի ընտրության քվեարկության ցանկում և չի կարողանա ընտրվել Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում: Նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունից հետո, Նախագահը ընտրված Գործադիր կոմիտեի կազմից Ժողովի ընտրությանն առաջադրում է փոխնախագահի թեկնածուի/թեկնածուների: Ժողովի անցկացման օրն է 2019 թվականի դեկտեմբերի 23-ը: Ժողովի անցկացման վայրը, օրակարգը և թեկնածուների պաշտոնական ցուցակը ՀՖՖ-ի Անդամներին կներկայացվի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ը՝ համաձայն ՀՖՖ-ի Կանոնադրության 33-րդ կետի 3-րդ ենթակետի և 30-րդ կետի 7-րդ ենթակետի:

Նմանատիպ նյութեր