211652_close_icon
views-count4732 դիտում article-date 12:25 26-11-2019

Ժառանգության ընդունման եղանակները. պարզաբանում է իրավաբան Պարույր Խաչատրյանը

[url=https://iravaban.net/]Իրավաբան.net[/url]-ը, [url=https://www.facebook.com/omerta.am/]«Օմերտա»[/url] փաստաբանական գրասենյակի հետ համագործակցությամբ, ՀՀ քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով սկսում է նոր փորձնական նախագիծ: Այսուհետ «Օմերտա» փաստաբանական գրասենյակի իրավաբաններն ու փաստաբանները կներկայացնեն քաղաքացիական իրավունքի, մասնավորապես ժառանգական իրավահարաբերությունների ոլորտում հանրության համար կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ իրավական իրազեկումներ: Իրավաբան.net–ի «Ժառանգության իրավունք» նախագծի առաջին թեման ժառանգության ընդունման եղանակների իրազեկմանն է ուղղված: Թեման ներկայացնում է «Օմերտա» փաստաբանական գրասենյակի տնօրեն, իրավաբան Պարույր Խաչատրյանը: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածը սահմանում է ժառանգության ընդունման եղանակները: Ժառանգի կողմից մահացածի ժառանգությունը կարող է ընդունվել երկու եղանակով՝ Ժառանգված գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով, Ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Առաջին դեպքում ժառանգը պետք է ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնի ժառանգության բացման վայրի նոտարին՝ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով: Երկրորդ դեպքում ժառանգը պետք է փաստացի տիրապետի կամ կառավարի ժառանգված գույքը, այսինքն՝ պետք է իրականացնի հետևյալ գործողությունները՝ միջոցներ ձեռնարկի գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարի գույքի պահպանմանն ուղղված ծախսեր, իր հաշվից վճարի ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստանա ժառանգատուին հասանելիք գումարները: Ժառանգը կարող է համարվել փաստացի տիրապետման կամ կառավարման միջոցով ժառանգությունն ընդունած միայն այն դեպքում, երբ այլ բան ապացուցված չէ: Ընդ որում, ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելու միջոցով ընդունելու պարագայում ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը պարտադիր չէ: Սույն իրազեկումը կազմվել է 08.10.2019թ.-ին և բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Օմերտա» փաստաբանական գրասենյակը: [b]Անձնական թերթիկ[/b] Պարույր Խաչատրյանը ծնվել է Երևանում: Ավարտել է թիվ 87 միջնակարգ դպրոցը, Գլաձոր համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Իրավաբանն իր մասնագիտական գործունեության ընթացքում բազմիցս իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Նա մասնակցել է մի շարք օրենքների նախագծերի մշակմանը։ «Օմերտա» փաստաբանական ընկերության թիմի անդամները [b] Փաստաբանական գրասենյակի մասին[/b] «Օմերտա» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2013 թվականին: Գրասենյակն իր պրոֆեսիոնալ թիմի միջոցով մատուցում է իրավաբանական խորհրդատվություն, դատական և մինչդատական ներկայացուցչություն՝ յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում: Սույն իրավական իրազեկման հետ կապված լրացուցիչ հարցերի և/կամ տեղեկատվության համար կարող եք դիմել «Օմերտա» փաստաբանական գրասենյակ։ [url=https://www.facebook.com/omerta.am/]«Օմերտա» փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջ[/url] [url=https://iravaban.net/]Իրավաբան.net[/url]

Նմանատիպ նյութեր