211652_close_icon
views-count1536 դիտում article-date 10:49 26-11-2019

Ինչպես են հարևանները հասկանում «խաղաղությունը»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայ լրագրողների այցը Բաքու, Ղուբա և Գանձակ, ինչպես նաև ադրբեջանցի լրագրողների այցը Երևան և Ստեփանակերտ կարևոր իրադարձություն էր: Իհարկե, ոչ ոք չի սպասում, որ նման քայլերը բեկում են մտցնելու Հայաստան-Ադրբեջան կամ Արցախ-Ադրբեջան հարաբերություններում: Այստեղ հնարավոր չէ խոսել որևէ ջերմացման կամ անգամ կառուցողական երկխոսության մասին: Բայց քանի որ ադրբեջանական կողմը համաձայնել է անցկացնել նման հանդիպումներ (Հայաստանը և Արցախը, կարծում եմ, խնդիր չունեին), և քանի որ հանդիպումների ժամանակ հնչել է համեմատաբար մեղմ հռետորաբանություն, կարելի է ենթադրել, որ ներկայումս պաշտոնական Բաքուն շահագրգռված չէ սրել իրավիճակը, նաև՝ ռազմական առումով: Իհարկե, դա չի նշանակում, որ մեկ շաբաթից կամ մեկ ամսից մեր հարևանների մոտ նման ցանկություն չի առաջանա: Իսկ ի՞նչ են մտածում շարքային ադրբեջանցիները: Ադրբեջան մեկնած մեր գործընկերներին, որքան հասկանում եմ, դա չի հաջողվել պարզել, որովհետև, հասկանալի պատճառներով, Բաքվի և այլ քաղաքների փողոցներում անմիջական շփումներ չեն եղել: Եթե ադրբեջանական հ/կ-ները, որոնց հետ հանդիպել են հայ լրագրողները, իսկապես արտացոլում են հասարակության կարծիքը, ապա, ինձ թվում է, մարդիկ ուզում են խաղաղություն, բայց պատրաստ չեն որևէ, թեկուզ նվազագույն, փոխզիջումների: Մեր և նրանց պատկերացումները խաղաղության մասին խիստ տարբեր են: Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության համար «խաղաղությունն» այն ժամանակ կլինի, երբ այս տարածաշրջանում ոչ մի հայ չապրի: Շարքային ադրբեջանցին, հավանաբար, այդքան հեռու չի գնում, բայց «խաղաղության» տակ հասկանում է այնպիսի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը զինաթափվում է և այնտեղ հաստատվում է Ադրբեջանի իշխանությունը: Թե ինչ է լինելու դրանից հետո՝ այստեղ մեր հարևանների պատկերացումները, կարծում եմ, տարբեր են. մի մասը գուցե անկեղծորեն հավատում է, որ Ադրբեջանի տիրապետության տակ երկու ազգերը նորմալ ապրելու են այդ տարածքում: Բայց դա փոքր մասի համոզմունքն է. մյուսները, թեև այդպես են ասում, բայց շատ լավ գիտեն, որ իրենց ուզածը զուտ տարածքն է, իսկ հայերին լավագույն դեպքում բռնությամբ հեռացնելու են, բայց շատ ավելի հավանական է՝ ուղղակի դաժանորեն ոչնչացնելու են: Ադրբեջանցիներ կան, որոնք իրենք իրենց չեն խոստովանում, որ հենց դա՛ է իրենց ուզածը, սակայն դրանից բուն մտադրությունները չեն փոխվում: Եվ ի՞նչ՝ ուրեմն պե՞տք չէ հարևանների հետ խոսել: Իհարկե, պետք է: Եվ նպատակներից մեկը, կարծում եմ, պետք է լինի՝ հանգիստ, առանց քարոզչական հիստերիայի բացատրել, որ իրենց ուզածն անհնարին է: Բայց «բացատրել» անհրաժեշտ է ոչ միայն բառերով, այլև մեր երկրի և մեր բանակի հզորությամբ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր