211652_close_icon
views-count1236 դիտում article-date 14:42 25-11-2019

Երևանում ձևավորվում է աղբի տեսակավորման ավանդույթ

«Թուղթը աղբ չէ»: Հենց այս կարգախոսով Հռիփսիմեն ու ընկերները 2018-ին սկսեցին աղբի տեսակավորման արշավը: «Թուղթը կիլոգրամների վերածելով հաշվում էինք, թե ինչքան ծառ ենք փրկում վերամշակման հանձնելով, և դա մեծ ոգևորություն էր առաջացնում քաղաքացիների շրջանում: Այս պահին 1400 ծառ ենք փրկել»,-ասում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը: «Հետո արդեն բնակիչներն իրենք էին գրում, որ տանը պլաստիկ կամ ապակի ունեն և հարցնում էին, թե ինչ կարող են անել, որտեղ հանձնեն»,-հավելում է կազմակերպության կամավորներից Շուշան Բաբայանը: Այս տարի Երևանի քաղաքապետարանը «էկո աղբ» հասարակական կազմակերպության հետ սկսեց «Էկո թաղամաս» նախագիծը: Ծրագիրն իրականացվում է Դավթաշենում: Նպատակն էր՝ սովորեցնել բնակիչներին տեսակավորել աղբը: «Նախագիծը 7-րդ ամսում է: Թափոնների հավաքին այսօր միացել է 200 գրանցված և շուրջ 100 չգրանցված ընտանիք: Թափոնները հավաքվում են շաբաթը երկու անգամ: Բաժանված հատուկ տոպրակներ ունենք՝ կարմիր՝ ապակու, կանաչ՝ թղթի և մոխրագույն՝ պլաստիկի համար»,- նշում է Հռիփսիմե Մկրտչյանը: «Էկո թաղամասի»՝ Դավթաշենի կենտրոնական այգում, նաև շենքերից մեկի բակում տեղադրվել են այդպիսի աղբամաններ՝ պլաստիկի և ապակու համար: «Արդյունքներն, իհարկե, գոհացնում են, որովհետև արդեն մի քանի ամիս է՝ նկատվում է, որ աղբամաններից բացակայում է պլաստիկն ու ստվարաթուղթը»,-նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը: Ամեն միջոցառումից մոտ կես տոննա թուղթ է հավաքվում, 100 կգ պլաստիկ և 300-400 կգ ապակի: Միանալ ծրագրին կարող է յուրաքանչյուր ոք՝ հետևելով սոցիալական հարթակներին: Նախաձեռնությանը միացել են նաև տնտեսվարողները: «Տնտեսվարողների հետ աշխատում ենք հիմնականում ստվարաթղթի առումով: Ունենք 20-25 տնտեսվարող, որոնք հանձնում են իրենց ստվարաթուղթը: Հուսով եմ, որ այս թիվը կավելանա»,- ասում է Միքայել Թումասյանը: Հիմա արդեն ծրագրին միացել են գրեթե բոլոր վարչական շրջանները: Ավելի քան 1000 ընտանիք կանոնավոր կերպով տեսակավորում է աղբը, առանձնացնում վերամշակելի թափոններն ու հանձնում: Սահմանված օրերին ու ժամերին թափոնները հավաքվում են հիմնականում Երևանի քաղաքապետարանի բեռնատարով: Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է ավելացնել մեքենաների քանակն ու նաև նոր հատուկ առանձնացված աղբամաններ տեղադրել: Թափոնների, հատկապես պլաստիկ շշերը հավաքելն ավելի հեշտացնելու համար «Էկո աղբ» ծրագրի կամավորները, որոնք նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներ են, քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծել են շշեր հավաքելու խելացի սարք: «Սարքն ամբողջությամբ մեխանիկական է և աշխատում է առանց էներգիա ծախսելու: Խցանները կարող ենք առանձնացնել և այդպես նետել կամ անպայման թուլացնել: Ունի հատուկ տեղ, որտեղ պետք է դրվի շշի վերևի մասը, այնուհետև իրեն թեթև սեղմում ենք, որից հետո բռնակով հրում ենք շիշը սարքի մեջ»,-պատմում է ծրագրի կամավորներից Գայանե Կարապետյանը: 3 շշի դիմաց՝ 10 դրամ: Սա առաջին ու առայժմ միակ օրինակն է: Շտկումներից հետո սարքը կտեղադրվի Երևանի որևէ հատվածում: Հաջողության դեպքում կմտածեն նաև նորերը ստեղծելու մասին: «Իրականում ուզում էինք, որ այն շշերը, որոնք փողոցից հավաքվում են, լվացվում անհայտ պայմաններում և հետո կրկին օգտագործվում կենցաղում՝ պարզապես չլինեն: Մեր առաջարկը նաև այս ամենի դեմ պայքարի միջոց էր»,-մանրամասնում է Հռիփսիմե Մկրտչյանը: Աշակերտներն արդեն գիտեն՝ ավելորդ թուղթն ու պլաստիկը ընդհանուր աղբամանի փոխարեն ունեն իրենց հատուկ արկղերը: Բոլոր թափոնները հավաքվում և տեղափոխվում են Դավթաշեն: Այստեղ վերջնական տեսակավորումից հետո դրանք գնում են վերամշակման՝ ստանալու երկրորդ կյանք: Ի՞նչ կարելի է ստանալ պլաստիկ շշերից, բաժակներից կամ այլ առարկաներից: Վերամշակող ընկերությունները դրանք մանրացնում են, մշակում և ստանում պատրաստի արտադրանք, օրինակ՝ կախիչներ: Քաղաքապետարանն աղբի տեսակավորման այլ ծրագրեր էլ է իրականացնում: Երևանի մի շարք հատվածներում, նաև քաղաքապետարանի շենքում ու համայնքային հիմնարկներում թղթի և պլաստիկի տեսակավորման աղբարկղեր են տեղադրված «ԱյԷսԷսԴի» «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ «Recycle it» ծրագրով: Դեռևս ամիսներ առաջ թափոնները տեսակավորելու քաղաքապետի կոչին միացան նաև դպրոցները: Աղբի տեսակավորումը հարկավոր է դարձնել մեր կենցաղի մի մասը. հիմա արդեն դա ոչ միայն բարի ցանկություն է, այլև իրագործելի: Քաղաքային իշխանությունն այս ուղղությամբ նոր ծրագրեր է մտածում: Սակայն առանց քաղաքացիների աշխույժ մասնակցության դրանք իմաստ չեն ունենա:

Նմանատիպ նյութեր