211652_close_icon
views-count63724 դիտում article-date 13:06 24-11-2019

Հերթական վանդալիզմը՝ Կոտայքի մարզում. Ջրվեժ գյուղում նորից պղծվել են մի քանի գերեզմաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Վոլոդյա Ալեքսանյանը հերթական անգամ այցելել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող իր կնոջ գերեզմանը և հայտնաբերել է ինչ-որ անհայտ անձի կամ անձանց կողմից գերեզմանը պղծված։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով արդեն ժամանել են ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ ճիվաղը կամ ճիվաղները ոչ միայն պղծել են 80-ամյա ծերունու կնոջ գերեզմանը, այլ նաև հարակից մի քանի գերեզմաններ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում 80-ամյա ծերունու դուստրն ասում էր. «Առավոտյան հայրս, ինչպես և ամեն կիրակի, եկավ մայրիկիս գերեզմանը։ Որոշ ժամանակ հետո զանգեց ու լաց լինելով ասաց, որ մամայի գերեզմանի քարի վրա ինչ-որ նյութ են լցրել ու ողջ գերեզմանաքարը կեղտոտել։ Արդեն 3 տարի է՝ մայրս չկա։ Իսկ նրա գերեզմանաքարը տեղադրել ենք՝ 80-ամյա հորս թոշակը կոպեկ-կոպեկ հավաքելով։ Չգիտեմ՝ ինչ անվանեմ սա՝ սրբապղծություն, վանդալիզ՝ թուրքի ձեռքով արված, ուղղակի բառեր չեմ գտնում։ Մորս գերեզմանը հորս համար սրբավայրի պես մի բան է։ Հայրս միայն մորս գերեզմանի մոտ է կարողանում հանգստանալ։ Ես միայն ուզում եմ, որ հայտնաբերվեն այդ սրբապիղծները, որոնց ձեռքը գնացել է՝ նման բան անել»։ Այս պահին ոստիկանները և տուժած քաղաքացին սպասում են, որպեսզի ժամանեն ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը և ավագ փորձաքրեագետը։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մյուս պղծված գերեզմանատերերը դեռևս տեղեկացված չեն տեղի ունեցած վանդալիզմի մասին, և Գառնիի բաժանմունքի պետի տեղակալ Գ. Բուռնազյանը համայնքային ոստիկանների հետ արդեն պարզում է այդ քաղաքացիների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր