211652_close_icon
views-count909 դիտում article-date 10:15 20-11-2019

Հայաստանն ապահովել է կայուն աճ և դրական բարեփոխումներ․ ՎԶԵԲ զեկույց․ «Ամերիկայի ձայն»

Կոռուպցիայի դեմ պայքարը և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովումը Հայաստանի ապագա զարգացման կարևորագույն նախապայմաններն են: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցի համաձայն, 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել ՀՆԱ-ի կայուն աճ չնայած հանքաարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Ընթացող տարում Հայաստանի ՀՆԱ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տվյալներով աճել է 6 տոկոսով: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5172855.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հանքաարդյունաբերության անկումն առաջացրել է նաև արտահանման աճի որոշակի դանդաղում: Միևնույն ժամանակ, արտերկրից դեպի Հայաստան ներմուծումն աճել է 16 տոկոսով: Չնայած դրան, 2019-ին Հայաստանի դրամի փոխարժեքը մնացել է կայուն, իսկ սղաճը նվազել է 2.5-ից մինչև 1.7 տոկոս: Հատկանշական է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է այս ժամանակահատվածում նաև բարելավել ֆիսկալ իրավիճակը՝ նվազեցնելով հանրային պարտքի չափը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 60-ից մինչև 55.7 տոկոսի: Զեկույցի համաձայն, Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունն է ոչ ինքնին բարձր տնտեսական աճն այլ դրա արտացոլումը քաղաքացիների իրական կյանքի որակի բարելավման վրա: Հատկապես եվրոպական կողմը կարևորում է Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումները և այդ ոլորտի թափանցիկության բարձրացումը: Պետական կառավարման ոլորտի բարելավումը, կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտների խթանումը միտված են ապահովելու Հայաստանում կայուն աճ, նշված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի զեկույցում: Կառավարման որակի բարելավումը կարող է լուրջ դրական ազդեցություն ունենալ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման վրա, որոշիչ գործոն հանդիսանալով երկրի ընդհանուր առաջընթացի համար, զեկույցի նախաբանում նշում է բանկի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորսիքը: Այս կապակցությամբ, զարգացող երկրները կարող են լրջորեն բարելավել դիրքերը կառավարման որակի բարելավման դեպքում: Համեմատության համար, հարևան Վրաստանում ու Ադրբեջանում 2019-ին ՀՆԱ-ն աճելու է Հայաստանից ցածր իսկ սղաճը՝ Հայաստանից բարձր տեմպերով: Զեկույցի համաձայն, Վրաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 4.5 տոկոս աճ և ավելի քան 4 տոկոս սղաճ, իսկ Ադրբեջանում և՛ ՀՆԱ-ի աճը, և՛ սղաճն ընթացող տարում կազմելու են 2.8 տոկոս:

Նմանատիպ նյութեր