211652_close_icon
views-count1250 դիտում article-date 14:12 18-11-2019

Առևտրային գործընթացների թվայնացումը թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել սահմանային ռիսկերը. Տիգրան Ավինյան

Նոյեմբերի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» տարածաշրջանային համաժողովին: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է, որ հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սահուն և անխափան աշխատանքի կարևորությունը տնտեսական առաջընթացի գործում` ցանկացած ծրագիր, որն իրականացվում է կառույցում, գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: «Մենք նաև բարձր ենք գնահատում միջազգային կառույցների կողմից հարկային և մաքսային ծառայությունների զարգացման համար տրամադրած աջակցությունը, որոնցից մեկի` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն միգրացիայի և սահմանային կառավարմանը» ծրագրի շրջանակներում էլ տեղի է ունենում այսօրվա համաժողովը»,-ասել է Ավինյանը: Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ պատահական չէ, որ այսօրվա համաժողովի մեկնարկը տրվելու է ՀՀ ՊԵԿ-ի և Վրաստանի եկամուտների ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության միջև երկկողմ փաստաթղթերի ստորագրմամբ, ինչը գալիս է հավաստելու, որ միջսահմանային համագործակցությունը վերոնշյալ ոլորտում կարող է հանգեցնել տարածաշրջանում դրական փոփոխությունների՝ ծառայելով պետության զարգացմանը և, ինչու ոչ, նաև արտաքին կապերի ամրապնդմանը: Ավինյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը մեծապես խրախուսում է թվայնացման և արդիականացման ուղիով շարժվող պետական մարմինների գործունեությունը: «Պետական եկամուտների կոմիտեն այս ուղղությամբ արդեն իսկ արձանագրել է մեծ ձեռքբերումներ, ինչպիսիք են արտաքին առևտրի մեկ պատուհան համակարգը, որն ապահովում է մի շարք մաքսային ընթացակարգերի ավտոմատացում, այլ գերատեսչությունների կողմից տրամադրվող մի շարք թույլատրական փաստաթղթերի ավտոմատացված ստացում, ինչպես նաև այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կազմակերպումը։ ՊԵԿ-ը կանգ չի առնում նշված հաջողությունների վրա և արդեն իսկ իրականացնում է հավակնոտ նախագծեր մեքենայացված ուսուցման, մեծ տվյալների վերլուծության և արհեստական բանականության գործիքակազմի ներդրման ուղղությամբ։ Թվարկված բոլոր քայլերը մեծապես ուղղված են անդրսահմանյան առևտրի թվայնացմանը և քայլ առաջ են դեպի անթուղթ առևտուր»,-նշել է փոխվարչապետը: Համաժողովի ընթացքում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր