211652_close_icon
views-count2960 դիտում article-date 21:24 15-11-2019

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

«Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցադրությունը երկարաձգվել է` հաշվի առնելով հանրային պահանջարկը: «Մերիդիան» էքսպո-կենտրոնում նոյեմբերի 1-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ՝ նախապես պլանավորված նոյեմբերի 11-ի փոխարեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, «Մերիդիան» էքսպո-կենտրոնում նոյեմբերի 15-ին Մարտիրոս Սարյանի արվեստին նվիրված վարպետության դաս է կազմակերպվել, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված շուրջ 800 աշխատանքներին, որոնք արտացոլում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի 21 երկրի 16-18 տարեկան պատանի ստեղծագործողների սարյանական գույների ընկալումները: «Համահայկական մրցույթ փառատոնը շատ լավ հնարավորություն է` տարբեր երկրներում ապրող հայ երեխաներին արվեստի միջոցով Հայաստանի հետ կապելու, մեր տաղանդներին հայրենիք բերելու համար: Շատ լավ է, որ տարբեր երկրների ներգրավվածությունը մեծ է, բայց պետք է մտածենք մասնակից երկրների աշխարհագրությունն ընդլայնելու մասին` կազմակերպչական աշխատանքներում ներգրավելով նաև արտաքին գործերի նախարարությունը և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը»,- իր խոսքում նշել է նախարարը: Սարյանին նվիրված վարպետության դասը վարել են Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի «Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ» ստորաբաժանման գեղարվեստական ղեկավար Սոնա Բանոյանը և դասավանդող-նկարիչ Գայանե Վարդանյանը: Դասին մասնակցել են Երևանի հանրակրթական և հատուկ դպրոցների, ինչպես նաև միջին մասնագիտական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների սովորողներ, որոնք նաև տեղում գունանկարներ են նկարել: Սոնա Բանոյանը նշել է, որ արվեստի դպրոցներն առանձնանում են իրենց ստեղծագործական ոճով։ «Այս տարվա ցուցադրության մեջ ես լուրջ առաջընթաց եմ համարում մարզերի բարձրակարգ ներկայացվածությունը. ես իսկապես հիացած եմ մարզի երեխաների գործերով»,- նշել է նա: Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի այս տարվա առանձնահատկություններից է նաև հանրակրթական դպրոցների աննախադեպ ակտիվությունը. ցուցահանդեսում, բացի արվեստի դպրոցի սաներից, ներկայացված են Երևանի և մարզերի ավելի քան 50 հանրակրթական դպրոցների սովորողների ստեղծագործություններ: Փառատոնը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ։ Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է 20-րդ դարի հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին: Առաջին փուլում ներկայացված 2000-ից ավելի աշխատանքից ընտրվել է մոտ 800-ը, որոնք այժմ ներկայացված են ցուցահանդեսում: Երկրորդ փուլի հաղթողները կընտրվեն արդեն ցուցադրված աշխատանքներից:

Նմանատիպ նյութեր