211652_close_icon
views-count1059 դիտում article-date 19:46 15-11-2019

ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից կազմակերպվում է «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթ

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից կազմակերպվում է «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է շարադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնարավոր ելույթի տեքստ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայի ընդունմանը նվիրված միջոցառման շրջանակներում։ Բովանդակություն Ելույթ-շարադրությունում պետք է անդրադարձ կատարվի հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայի ընդունման պահից առ այսօր աշխարհում տեղի ունեցած ցեղասպանություններին և ընթացող ցեղասպան դրսևորումներ ունեցող գործողություններին, դրանց դրդապատճառներին, հետևանքներին, կանխարգելմանն ուղղված միջազգային կառույցների գործողություններին և թերացումներին, թերացումների պատճառներին ու դրանց վերացման ճանապարհներին: Մրցույթի պայմանները * Մրցույթին կարող են մասնակցել 18-ից 25 տարեկան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները: * «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով ելույթ-շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 800 բառը: Նշված ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն դիտարկվի: * Մասնակիցները երաշխավորում են իրենց հեղինակային իրավունքները ներկայացված աշխատանքների նկատմամբ: Հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի: * Ելույթ-շարադրությունը պետք է գրված լինի հայերեն լեզվով: Այլ լեզուներով ուղարկված շարադրությունները մրցույթին չեն դիտարկվի: * Մրցույթը մեկնարկում է հայտարարության հրապարակման պահից։ Ելույթ-շարադրությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 29-ը (ներառյալ): Հաղթողի անունը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՄԱԿ-ի գրասենյակում կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում: * Ելույթ-շարադրությունները պետք է ուղարկել [email protected] հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով «Ցեղասպանության կանխարգելում»։ * Ելույթ-շարադրության հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաև անձնագրի էլեկտրոնային պատճենը, հեռախոսահամար և լուսանկար: Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի և հեռախոսահամարի ուղարկված շարադրությունները մրցույթին չեն դիտարկվի: * Մրցույթի արդյունքներով առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգև՝ համապատասխանաբար 250.000, 150.000 և 100.000 ՀՀ դրամի չափով: Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին կտրվեն հուշանվերներ: * Մրցույթի առաջին հինգ տեղերը գրաված մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու մյուս տարի Երևանում կայանալիք Գլոբալ IV ֆորումի աշխատանքներին: * Մրցույթի հաղթողներին կորոշի ՀՀ ԱԳՆ-ի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներից կազմված համատեղ ժյուրին:

Նմանատիպ նյութեր