211652_close_icon
views-count2741 դիտում article-date 14:03 14-11-2019

Կառավարությունը հաստատեց 45,5 մլն եվրոյի վարկը, որն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվելիք «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 45.8 մլն եվրո գումարի չափով: Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ նշելով, որ վարկն ուղղվելու է բյուջետեի դեֆիցիտի ֆինանսավորմանը: Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարման ոլորտներում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի և գործընթացների ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը: Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվող «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրումը համարվեց նպատակահարմար:

Նմանատիպ նյութեր