211652_close_icon
views-count1596 դիտում article-date 10:53 14-11-2019

Ճարպիկ քաղաքական գործիչները կեղտոտ պոպուլիզմով խաբում են ժողովուրդներին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջին մեկուկես տարվա ընթացքում ամենահաճախակի կրկնվող բառերի շարքում իրենց «պատվավոր» տեղն են զբաղեցնում «պոպուլիզմը» («ամբոխավարությունը») և «մանիպուլյացիան» (հավանաբար, այս բառը չունի բոլորի համար ընդունելի հայերեն համարժեք, գուցե «նենգափոխո՞ւմ»): Երկուսն էլ օգտագործվում են խիստ բացասական համատեքստում: Մասնավորապես, երբ քաղաքական գործիչներն ասում են «մանիպուլյացիա», նրանք նկատի ունեն, որ իրենք մշտապես ասում են «մաքուր-զուլալ» ճշմարտությունը, որքան էլ այն դառը և տհաճ լինի, իսկ ահա իրենց ընդդիմախոսները կա՛մ բացահայտորեն ստում են, կա՛մ էլ կիսաճշմարտություններ են ասում և դրանք մատուցում են այնպես, որ հնարավոր լինի ապակողմնորոշել, խաբել հասարակությանը: Իրականում երբեք և ոչ մի տեղ չեն եղել քաղաքական գործիչներ, որոնք այս կամ այն շահից ելնելով չդիմեն մանիպուլյացիաների: Ճիշտ է, այդ շահերը կարող են լինել զուտ անձնական, ինչպես նաև՝ խմբակային, կուսակցական, բացառիկ դեպքերում՝ նաև պետական: Մանիպուլյացիաների են դիմում բոլորը՝ Ուինսթոն Չերչիլից սկսած Գևորգ Պետրոսյանով ավարտած: Նույնը՝ ամբոխավարությունը: Վերջերս ՀՀԿ-ն «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ աշխատաժողով է անցկացրել՝ «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը» վերնագրով: Այդ միջոցառման մասին բավականին աղոտ տեղեկատվությունից տպավորություն է ստեղծվում, որ գոյություն ունի «հին ու բարի», բոլոր առումներով անաղարտ «ավանդական քաղաքականություն», և կա վերջերս ծնված կեղտոտ պոպուլիզմը, որով տարբեր երկրներում, նաև՝ Հայաստանում, ճարպիկ քաղաքական գործիչները խաբում են ժողովուրդներին: Իրականում ավելի ավանդական երևույթ, քան պոպուլիզմն է, քաղաքականության մեջ գոյություն չունի: Հին Աթենքում և Հռոմում, դրանից առաջ և հետո, իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները մշտապես զբաղվել են պոպուլիզմով: (Կարդացեք թեկուզ Պլուտարքոսի հեղինակած կենսագրությունները): Անկախ Հայաստանում նույնպես և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը մշտապես զբաղվում էին և զբավում են պոպուլիզմով և մանիպուլյացիաներով: Օրինակ, երբ մեր երկրի որևէ վարչապետ ասում էր, որ ինքն աշխատեցնելու է «Նաիրիտը» կամ «Վանաձոր քիմպրոմը», դա մաքուր պոպուլիզմ էր: Երբ նախորդ իշխանությունը խոստանում էր կառուցել Հայաստան-Իրան երկաթուղին, նա զբաղվում էր ամբոխավարությամբ: Պոպուլիզմ էր նախորդ ընդդիմության կողմից արագաչափերի, նկարահանող սարքերի և կարմիր գծերի մասին խոսելը: Հիմա ներկայիս ընդդիմությունը զբաղվում է պոպուլիզմով՝ երբ շահարկում է միասեռականների, սեռափոխվածների և Ստամբուլյան կոնվենցիայի չեղած խնդիրները: «Թալանչիներին պատժելու» թեման ներկա իշխանությունների ամբոխավարական մանիպուլյացիաների դաշտն է: Բայց այդ ամենն արձանագրելով, ես զերծ եմ մնում գնահատականներից՝ լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր