211652_close_icon
views-count1872 դիտում article-date 10:52 13-11-2019

Ենթամշակույթը օրենքով հնարավոր չէ արգելել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քրեական ենթամշակույթի մասին քննարկումը վեճ է իդեալիստների և ռեալիստների (իրապաշտների) միջև։ Իդեալիստները (ես էլ՝ նրանց թվում) ասում են, որ ամեն ինչ պետք է լինի օրենքով, ոչ մի անձ չի կարող ունենալ օրենքով չնախատեսված արտոնություններ՝ լինի նա «զոն նայող», «օրենքով գող», թե պարզապես «թաղի լավ տղա»։ Ռեալիստներն էլ համոզված են, որ քրեական ենթամշակույթը ձևավորվում է ընտանիքից, մանկապարտեզից, բակից, դպրոցից, և այդ մշակույթը տղաների ինքնահաստատման ձևերից մեկն է: Իրապաշտները պնդում են նաև, որ որոշ փակ միջավայրերում, հատկապես քրեակատարողական հիմնարկներում հնարավոր չէ կարգուկանոն հաստատել զուտ պաշտոնական վարչակազմի միջոցով, անհրաժեշտ են ոչ ֆորմալ լիդերներ, որոնք կկարողանան սահմանափակել, «հանգցնել» այլոց ինքնահաստատման հավակնությունները: Ավելին՝ ըստ այդ տեսակետի, այն ՔԿՀ-ներում, որտեղ «զոն նայողը» արդարամիտ, խելացի մարդ է, այնտեղ դատապարտյալների վիճակը քիչ թե շատ տանելի է, իսկ եթե «զոն նայողը» չարաշահում է իր իշխանությունը, բարքերը շատ ավելի դաժան են: Օրինակ, պատմում են, որ «օրինակելի զոներում», երբ մտնում ես «նայողի» խուց, պետք է ձեռքերդ մեջքի հետևում պահես՝ հավանաբար, այդ տեսակի «շեֆերին» դուր չի գալիս չափից դուրս ակտիվ «ժեստերի լեզուն»: Այդպիսի «զոներում» արգելված է, որ սովորական դատապարտյալներն իրար ապտակեն, իսկ ահա «զոն նայողը» կարող է ցանկացած «մեղավորի» ապտակել, և վերջինս իրավունք չունի վիրավորվելու, առավել ևս՝ պատասխանելու: Եթե այդ բոլոր կարգավորումները հանձնվեն ՔԿՀ-ի վարչակազմին, ասում են իրապաշտները, բռնությունը խցերում կհասնի վտանգավոր չափերի: «Զոնը», իհարկե, օրենքը շրջանցող «կարգավորումների» ամենավառ օրինակն է, կարելի է ասել՝ քրեական ենթամշակույթի մանրակերտն է, որը, որոշակի ձևափոխումներով, գործում է նաև զորամասի, դասարանի, հանրակացարանի հարկաբաժնի, բակային միջավայրի դեպքերում: Պե՞տք է արդյոք պայքարել նման երևույթների դեմ: Ինձ թվում է՝ պետք է: Բայց արդյո՞ք դա հնարավոր է անել օրենսդրական կարգավորումներով: Կարծում եմ՝ ոչ: Դա մշակույթի, բարքերի, դաստիարակության, լավ իմաստով՝ քարոզչության խնդիր է, երբ երեխաներին մանկուց սովորեցնում են չհարգել զոռբայությունը, լկտիությունը, բռիությունը և հարգել հակառակ դրսևորումները: ․․․ Ասում են, մարդկությունը բաժանվում է երկու մասի: Եթե դուք անցնում եք փողոցով և ուսով դիպչում եք դիմացից եկողին, կա երկու տարբերակ. 1/ դուք ներողություն եք խնդրում, 2/ դուք բացականչում եք՝ «դիմացդ նայիր, այ…»: Երկրորդ դեպքում քրեական ենթամշակույթի պոտենցիալ կրող եք»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր