211652_close_icon
views-count1411 դիտում article-date 21:26 12-11-2019

Կոտայքի մարզում բացվել է Քաղաքացիների սպասարկման թվով երրորդ գրասենյակը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Կոտայքի մարզում մասնակցել է Եղվարդ համայնքի քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման արարողությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարի տեղակալ Վ.Տերտերյանն իր ողջույնի խոսքում շնորհավորել է համայնքի բնակիչներին գրասենյակի բացման կապակցությամբ և ընդգծել, որ նման գրասենյակների առկայությունը համայնքներում էականորեն բարձրացնում է բնակիչներին մատուցվող ծառայությունների մատչելիության մակարդակը: Կոտայքի մարզում այն թվով երրորդ գրասենյակն է: Գրասենյակի բացմանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկտոր Միխայել Բանցհաֆը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ստե­ֆանո Լազզարոտտոն, Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զարգացման դաշնային նախարարության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կարին Յար դե Գերերոն, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Եղվարդ հա­մայն­քի ղեկավար Նորայր Սարգսյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ: Գրասենյակի գործարկումը հնարավորություն կտա «մեկ պատու­հանի» սկզբունքով քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, պարզեցնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործըն­թաց­ները: Նախատեսվում է, որ աշխատանքներն այստեղ կիրականացվեն Համայն­քա­յին կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը թույլ կտա ապահովել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետ կառավարում, բնակիչներին մատուցել վար­չա­կան ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը բացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկե­րու­թյան (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարա­վա­յին Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա­նում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆի­նան­սավորմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքներում հիմնվել է Քաղաքացիների սպասարկման 30 գրասենյակ:

Նմանատիպ նյութեր